Կանադայում հավանություն են տվել Ուկրաինային մահաբեր զենքի վաճառքին

Դեկտեմբերի 13-ին Կանադայի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային մահաբեր զինատեսակ մատակարարելու նախագծին։ Այսպիսով Ուկրաինան դասվում է այն երկրների շարքին, որոնց թույլատրվում է վաճառել կանադական արտադրության ավտոմատ հրազեն: Այս մասին հայտնի է դարձել Կանադայի պաշտոնական Canada Gazette պարբերականի հրապարակումից։

Այս պահին ցուցակում ընդգրկված է 39 երկիր, մեծին մասամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ։

Փաստաթղթում նշվում է, որ ապրանքի ներկրման կամ արտահանման առանձին հայտերը, ազգային օրենսդրության համաձայն, քննարկվում են Կանադայի կառավարության կողմից՝ ամեն դեպքի համար հիմք համարելով Կանադայի միջազգային և պաշտպանական քաղաքականությունը։

Մատակարարումների և սպառազինության տեսակի մասին հստակ տեղակություն չկա։ Նշենք, որ երկու երկրի ռազմական համագործակցությունը մինչ այս սահմանափակվում էր կանադացի հրահանգիչների կողմից ուկրաինացի զինծառայողների պատրաստմամբ։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները նույնպես քննարկում է Ուկրաինային զենքի վաճառելու հարցը: Հուլիսին Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը հայտարարել էր մասնավորապես պաշտպանական նշանակության զենքերի վաճառքի հնարավորության մասին՝ շեշտելով հակատանկային սպառազինության հնարավոր վաճառքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *