Թուրքիայում ոստիկանության հատուկջոկատայինների կենտրոնը գրավողներին ցմահ ազատարզրկում է սպառնում

Ստամբուլի դատախազությունը տարբեր աստիճանի ծանրությամբ ցմահ ազատազրկում է պահանջել 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում ոստիկանության արագ արձագանքման ուժերի հրամանատարական կենտրոնը գրաված զինվորականների համար: Հայտնում է թուրքական «Էն Սոն Հաբեր» լրատվակայքը:

Զինվորականներից 2-ի համար պահանջում են կրկնակի, 1-ի համար՝ 1 անգամ ծանրացված, իսկ ևս 15 զինվորականի համար՝ մեկական ցմահ ազատազրկում:

Այս գործի հետ կապված ընդհանուր առմամբ ձերբակալվել է 58 զինվորական, որից 18-ը՝ սպաներ: Ոստիկանության զորամասի գրոհի ընթացքում նաև այնտեղ ծառայող հատուկջոկատայիններ էին վիրավորվել, մեկը սպանվել էր:

Նոյեմբերին թուրքական դատախազությունը ծանրացված ցմահ ազատազրկում էր պահանջել նաև 5 նախկին զինվորականի, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմանին տեղակայված 3-րդ բանակի օպերատիվ վարչության շտաբի պետի և ժանդարմերիայի հրամանատարի համար:

Ցմահ ազատազրկում է սպառնում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած մի շարք այլ զինվորականների համար ևս, այդ թվում՝ Էրդողանի վրա հարձակում նախապատրաստողների:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ օրս արդեն Թուրքիայի ԶՈւ հազարավոր զինծառայողներ են ձերբակալվել, այդ թվում զգալի մասը՝ սպաներ: Ձերբակալությունները շարունակվում են նաև ներկայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *