Հայաստանում նպատակ կա ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն, ապա դրա կայացումից հետո հավաստագրել այն՝ դարձնելով միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը՝ անդրադառնալով ՊՆ «ԶԱՌ» կենտրոնի վերակառուցմանը:
Պաշտոնյայի խոսքը փոխանցում է «Պանորամա» լրատվակայքը:
«Այս տարի ավարտվել է ուսումնական կենտրոնի [«ԶԱՌ» – խմբ․՝ Ռազմինֆոյի] շինարարության առաջին փուլը: Դեռևս կա մի քանի փուլ, որպեսզի այն ամբողջովին պատրաստ լինի: Նախատեսվում է ներդնել խաղաղապահ գործողությունների համար անհրաժեշտ սարքավորումներ և տեխնիակական միջոցներ: Արդեն հաջորդ տարի պլանավորում է կենտրոնում անցկացնել զորավարժություն՝ գնահատելու ազգային խաղաղապահական ստորաբաժանումների կարողությունները», – նշել է Արմեն Եդիգարյանը:
Դեռևս նոյեմբերին, Վանկուվեր քաղաքում կայացած ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստանը ստեղծում է ազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն` հետագայում այն որպես միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն հավաստագրելու նպատակով, ինչպես նաև պատրաստում է երկու նոր կարողություններ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ընդգրկելու համար:
«ԶԱՌ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները և վերապատրաստումը: Կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվել են ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ: