ՄԱԿ-ի մասնագետները, ովքեր ուսումնասիրում են Եմենի հութիների կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հուլիսի 22-ին և նոյեմբերի 4-ին արձակված հրթիռների մնացորդները, չեն հաստատում, որ այդ հրթիռները իրանական արտադրության են։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի գաղտնի զեկույցին։
Ըստ գործակալության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշը զեկույցում նշում է, հուլիսի 22-ին և նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հութիների արձակած հրթիռները ունեն կառուցվածքային և արտադրական ընդհանրություններ, որը ենթադրում է, որ դրանք «ընդհանուր ծագում» ունեն։
«Ընդհանուր ծագում» ասելով Գուտերեշը նկատի ունի «Սկադ» հրթիռները։ Իրանական «Ղիամ 1» հրթիռը նույնպես «Սկադի» տարբերակներից է։
ՄԱԿ-ի մասնագետները դեռևս շարունակում են ուսումնասիրել Իրանի՝ հութիներին հրթիռներ մատակարարելու ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի հայտարարությունների ստույգությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, հղում անելով ՄԱԿ-ի դիտորդների գաղտնի զեկույցին, հայտնում էր, որ Եմենի հութի զինյալների կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ մայիսի 19-ին, հուլիսի 22-ին, հուլիսի 26-ին և նոյեմբերի 4-ին արձակված բալիստիկ հրթիռները նախագծվել և արտադրվել են Իրանում։
Ըստ գործակալության՝ դիտորդներն այցելել են Սաուդյան Արաբիայի ռազմաբազաներ՝ տեսնելու հրթիռների մնացորդները։ Ուսումնասիրությունից պարզվել է, որ «հրթիռները կառուցվածքային բնութագրերով և չափերով համապատասխանում են իրանական «Ղիամ-1» հրթիռին»։
Նոյեմբերի 4-ին հութիները «Բորքան-2» հրթիռներ էին արձակել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ուղղությամբ։ Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը որսացել էին հրթիռները։
Միջադեպից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարեց, որ հրթիռային հարձակումը Իրանի սադրանքով է արվել։ Ըստ կոալիցիայի՝ այդ և հուլիսի 22-ի հարձակումը իրանական հրթիռներով է արվել։ Իրանի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց նաև ԱՄՆ-ն։
Կոալիցիան կազմել էր փաստաթուղթ, որում նշվում էր, որ Իրանը սպառազինություն է մատակարարում հութիներին և «ապացուցվում», որ մայրաքաղաքի ուղղությամբ արձակված հրթիռները իրանական են. փաստաթղթում ներկայացվել են իրանական «Ղիամ-1» հրթիռի և Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների մնացորդների նույնությունը մատնանշող լուսանկարներ։
Իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները Իրանն անմիջապես հերքել էր։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել էր, որ Եմենի հութիների խնդրանքով Իրանը խորհրդատավական աջակցություն է ցուցաբերում նրանց։
Այս հայտարարությունից հետո Իրանի ԶՈւ ԳՇ պետի խոսնակը կրկին հերքեց, որ հութիներին հրթիռներ և առհասարակ որևէ զենք են մատակարարում։
Նկատենք, որ Իրանը մշտապես մեղադրվում է Եմենում ապստամբած շիադավան հութի ցեղին աջակցելու ու զինելու մեջ, սակայն պաշտոնական Թեհրանը միշտ հերքում է այդ մեղադրանքները։
Այնուամենայնիվ լրատվամիջոցներում մշտապես տարբեր տեղեկություններ են հայտնվում Իրանի զենքի մատակարարումների մասին (1, 2):
Եմենում պատերազմ սկսվել է 2014 թվականից. հակամարտող կողմերն են` մի կողմից շիա հութիները, որոնց սատարում է Իրանը, մյուս կողմից երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը:
2015 թ. փետրվարին հութիներին հաջողվում է նախագահ Հադիին հեռացնել իշխանությունից: Վերջինս սկզբում ապաստանել է երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, իսկ օրեր անց, երբ հութիներին հաջողվել է գրավել նաև այդ քաղաքը, Հադին լքել է երկիրն ու հաստատվել հարևան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։
Այնուհետև Եմենի կառավարությունը օգնության խնդրանքով դիմում է արաբական երկրներին, ինչից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Պարսից ծոցի արաբական 9 երկրներ ստեղծում են դաշինք ընդդեմ հութիների (կազմում էին Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի) և ռազմական գործողություններ են սկսում Եմենում (2016-ին ԱՄԷ-ն դուրս է բերում իր զորքերը Եմենից, իսկ 2017-ին Կատարին հեռացնում են դաշինքից)։
Հետագայում կռիվը տեղափոխվում է նաև Սաուդյան Արաբիայի և Եմենի ցամաքային սահման, որտեղ, ինչպես և առհասարակ Եմենի մյուս տարածքներում, կողմերը փոփոխական հաջողություններով կռվում են մինչ օրս: