ՀՀ ԱԻՆ-ը համալրվել է փրկարարական գույքի նոր խմբաքանակով

Դեկտեմբերի 13-ին կայացել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսաստանյան փրկարարական գույքի խմբաքանակի հանձնման արարողությանը:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը: Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԻ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը:

Այս խմբաքանակը ներառում է «Струна-2» համալիր, 10 միավոր «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա, ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույք համապատասխան լսարանների համար, նոր կառուցվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի համապատասխան սարքավորումներ, 2 միավոր դաշտային խոհանոցի ծավալման գույք, ջրափրկարարական հանդերձանք և այլ փրկարարական սարքավորումներ և տեխնիկա:

«Струна-2» համալիրը հնարավորություն է տալիս ստուգել շենք-շինությունների ամրությունը և նախապես գնահատել երկրաշարժերի ռիսկերը: Դրա միջոցով հնարավոր է գնահատել նոր կառուցվելիք շինության տեղակայման վայրի սեյսմիկ ռիսկերը, հողի ամրությունը, կատարել տեղանքի սեյսմիկ վիճակի հետազոտություն, ինչպես նաև պարզել արդեն կառուցված շենք-շինությունների վթարայնության աստիճանը:

Այս շարժական համալիրի միջոցով իրականացվում են նաև հետցնցումային հետազոտություններ, որոնողափրկարարական աշխատանքներ, քանի որ այն հագեցած է ջերմադիտակներով, անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև՝ դժվար հասանելի վայրերում նմանատիպ աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով:

«Կամազ» մակնիշի մեքենաներն ունեն 4 տոննա տարողությամբ ջրային բակ, զինված են հատուկ փրկարարական գույքով և նախատեսված են տարբեր իրավիճակներում փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար:

Ինչ վերաբերում է ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույքին, ապա դրանցով զինվել են հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի 2 լսարաններ: Դրանք նախատեսված են փրկարարների և սակրավորների ուսուցման և վերապատրաստման համար: Գույքը ներառում է համակարգիչներ, ականազերծման, բուժպատրաստության և հրշեջ-փրկարակական գերժամանակաից և արդիական սարքավորումներ:

Նշվում է, որ և այս խմբաքանակի և նախկինում ստացված փրկարարական գույքի անհրաժեշտ քանակը հանձնվելու է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների։

Համաձայն Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017 թվականին ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվելու է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:

Հիշեցնենք, որ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման նախագիծը մեկնարկել է դեռևս 2012-ից, իսկ 2015-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ միջպետական համաձայնագիրը, իսկ կենտրոնի պաշտոնական բացումը եղել է 2016-ի մարտի 18-ին:

Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Կենտրոնի գործառույթների և գույքավորմանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *