Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Սիրիայում և Իրաքում: Թրամփի հայտարարությունը լայն արձագանք է գտել Ռուսաստանում, որտեղ պնդում են, որ ԻՊ-ին Սիրիայում իրենք են հաղթել, ոչ թե ԱՄՆ-ն: Թրմափը նման հայտարարություն արել է Սպիտակ Տանը օրենսդրական նախաձեռնություններից մեկի մասին խոսելիս. Փոխանցում է Bloomberg գործակալությունը:
Թրամփի հայտարարությունը հաջորդել է Նյու Յորքի մետրոյում ահաբեկչական պայթյունին: Մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահի նման ուղերձը հաջորդել է նաև դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում արած հայտարարությանը: Պուտինը նախ մեկ անգամ ևս նշել էր, որ իրենք Սիրիայի բանակի հետ հաղթել են ամենախոշոր ահաբեկչական խմբավորմանը, ապա ասել, որ դուրս են բերում զորքերի զգալի մասը Սիրիայից:
Թրամփի հայտարարությանը սուր են արձագանքել Ռուսաստանում: ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, սենատոր Ալեքսեյ Պուշկովը նշում է, որ Սիրիայում ԻՊ-ին «Պուտինն է հաղթել, ոչ թե Թրամփը»:
Пушков: В освобождённую от террористов Сирию прибыл Путин, а не Трамп https://t.co/hnGPQSdlzX #Regnum #Новости pic.twitter.com/Edo72pbCrH
— ИА REGNUM (@IA_REGNUM) December 12, 2017
Իրականում, եթե հաշվի առնենք մասնավորապես 2014-2017 թթ. սիրիական զարգացումները, ապա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակում իրենց ներդրումն ունեն թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանը:
Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան ԻՊ ուժերի դեմ գործել է հիմնականում Սիրիայի հյուսիսում՝ արաբա-քրդական ուժերի հետ համագործակցությամբ: Ներկայում այդ հատվածները հենց նշված ուժերի վերահոսկողության տակ են: Հենց այդ ուժերը հոկտեմբերին ազատագրեցին ԻՊ կենտրոն համարվող Ռաքքա սիրիական քաղաքը:
Մյուս կողմից Ռուսաստանն աջակցել է Սիրիայի բանակին: Նաև Իրանի և լիբանանյան «Հիզբոլլահի» աջակցությամբ այդ ուժերն ազատագրեցին Հալեպը, Պալմիրան, Դեր Զորը և մի շարք այլ խոշոր բնակավայրեր:
Սիրիայում լուրջ արտաքին խաղացողներից է նաև Թուրքիան, որը ներկայում վերահսկում է Հալեպից հյուսիս ընկած Ջերաբլուս-Ազազ հատվածը, Իդլիբ նահանգի հյուսային շրջանները: