Ստամբուլում «ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով» 22 մարդ է ձերբակալվել

Դեկտեմբերի 13-ին Ստամբուլում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար մեղադրվող 22 մարդու։  Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ)

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ)

Բոլոր ձերբակալվածներն այլ պետությունների քաղաքացիներ են։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածները պատրաստվել են ԻՊ անունից ահաբեկչական գործողություններ իրականացնել։

Ոստիկանության ուժերը կասկածյալների դեմ գործողություն են իրականացրել Ստամբուլի մի քանի թաղամասերում։

Նշենք, որ Սիրիայում և Իրաքում պարտություն կրելուց հետո ԻՊ զինյալների մնացած հատվածները փորձում են դուրս գալ այդ երկրներից։ Նրանց համար հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է։

Միևնույն ժամանակ «Իսլամական պետությունը» սպառնում է մի շարք երկրներում՝ այդ թվում ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ ահաբեկչական գործողություններ իրականացնել։ 

Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի այս տարվա հոկտեմբերին հրատարակած զեկույցի տվյալներով՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *