Դեկտեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել Սիրիայի Տարտուս նավահանգստային տարածքում համանուն ռուսական բազայի ընդլայնման համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը: Այն ներկայացվում է Սիրիայից ՌԴ զինուժի մի մասը դուրս բերելու որոշմանը զուգահեռ: Այս մասին հայտնի է դառնում ՌԴ Պետդումայի կայքից:
Սիրիան և Ռուսաստանը համաձայնագիրը ստորագրել էին 2017 թ. հունվարի 18-ին: Այն ենթադրում է Տարտուսում ՌԴ նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետի ընդլայնում, Սիրիայի նավահանգիստներում, տարածքային ջրերում ՌԴ ռազմանավերի ազատ տեղակայում ևն:
Համաձայնագիրը ՌԴ ՌԾՈւ ռազմանավերին թույլ է Տալիս Տարտուսում տեղակայվել ևս 49 տարի: Ռուսաստանը Տարտուսի ռազմաբազայում կարող է միաժամանակ տեղակայել առավելագույնը 11 ռազմանավ, այդ թվում՝ միջուկային ուժային կայանքով աշխատող:
Բազան ամբողջությամբ գործարկելու է Ռուսաստանը՝ իր միջոցներով և ուժերով: Ռուսաստանյան կողմն իրավունք ունի Սիրիայում իր հաշվին պահել նյութատեխնիկական ապահովման բազայի անձնակազմ:
Տարտուսը Ռուսաստանին հանձվում է անհատույց կերպով: Բազայի տարածքում չեն գործելու Սիրիայի քաղաքացիական և վարչական օրենքները: 49 տարվա պայմանավորվածության ավարտից հետո պայմանագրի ժամկետն ամեն անգամ կարող է երկարացվել ևս 25 տարով, եթե կողմերն առարկություններ չունենան:
Այսպիսով Տարտուսը կդառնա ՌԴ ռազմածովային ուժերի տրամադրության տակ գտնվող միակ արտասահմանյան լիարժեք ՌԾՈւ բազան: Ռուսաստանը կկարողանա Միջերկրական ծովում մշտական նավախումբ պահել՝ առանց ստիպված լինելու այն պարբերաբար փոխադրել Սև ծովով և Թուրքիայի նեղուցներով:
Հավելենք, որ ավելի վաղ՝ 2016 թ. հոկտեմբերին Ռուսաստանը վավերացրել է Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում մշտական հիմունքներով զորախմբի տեղակայման մասին համաձայնագիրը:
Հավելելենք, որ դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահի հայտարարությունից հետո Ռուսաստանը սկսեց մասամբ դուրս հանել իր զորախումբը Սիրիայից: Սակայն, ինչպես Պուտինի հայտարարությունը, այնպես էլ համաձայնագրերից՝ Ռուսաստանն ամեն դեպքում Սիրիայում կպահպանի իր հիմնական ռազմական ներուժը: