Թուրքիայում կձերբակալեն ևս 70 գործող և նախկին զինվորականի

Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի Քոնյա նահանգի դատախազությունը Գյուլենականների դեմ հետաքննության շրջանակներում լիազորել է ձերբակալել երկրի զինված ուժերի ևս 70 գործող և նախկին զինվորականի։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ)

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ)

Նրանք կասկածվում են ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «կառույցին անդամակցելու» և զինված ուժերում քարոզչություն իրականացնելու մեջ:

Կասկածյալներից 23-ը նախկինում հեռացվել է զինված ուժերից, իսկ 47-ը դեռևս ծառայում է զինված ուժերում։ Զինվորականներին ձերբակալելու համար Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները գործողություններ են սկսել երկրի 34 նահանգներում։

Ըստ աղբյուրի՝ զինծառայողները ծառայել են ցամաքային զորքերում և ռազմածովային ուժերում։

Դեկտեմբերի 12-ին Այդըն նահանգի դատախազությունը լիազորել է ձերբակալել 33 զինվորականի և իմամի։ Կասկածյալներից 22-ը արդեն իսկ ձերբակալված են։

Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերից հեռացվել և ձերբակալվել են բազմաթիվ զինծառայողներ։ Ձերբակալություններն ու զինվորականների դատավարությունը շարունակվում են մինչև այժմ։ Այս տարվա նոյեմբերի 29-ին Ստամբուլի Հանրապետական դատախազությունը 360 անձի ձերբակալման օրդեր է տվել, այդ թվում 333-ը՝ զինվորական:

Ձերբակալություններից ու հեռացումներից հետո զինված ուժերում և այլ կառույցներում զինծառայողների պակաս է նկատվում։ Չնայած Թուրքիայի իշխանությունները հայտարարում են ուժային կառույցները նոր զինծառայողներով համարելու մասին, այնուամենայնիվ դեռևս առկա է հատկապես սպաների և ռազմական օդաչուների պակաս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *