Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումները վարժանքներ են արել Աֆղանստանում

Վրաստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի գումարտակի ուժեղացված վաշտը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության շտաբ-բնակարանի տարածքում անցկացվող վարժանքներին։ Այս մասին դեկտեմբերի 12-ին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը։

Վրաստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի գումարտակի ուժեղացված վաշտի զինծառայողները Աֆղանստանում վարժանքների ժամանակ

Վրաստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի գումարտակի ուժեղացված վաշտի զինծառայողները Աֆղանստանում վարժանքների ժամանակ

Վարժանքներն անցկացվել են վրաստանցի զինծառայողների կազմած պլանի համաձայն և ներառել են առաջին բուժօգնության ցուցաբերում անցակետի մոտ՝ մահապարտի իրականացրած պայթյունից հետո։ Նաև մշակվել են տուժածների տարհանման և բազայում անվտանգության ռեժիմի ուժեղացման առաջադրանքներ։

Հիշեցնենք, որ Վրաստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի գումարտակը Աֆղանստանում մնալու է կես տարի, դրա հիմնական խնդիրն է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակից ուժերի և շտաբ-բնակարանի անվտանգության ապահովումը։

Աֆղանստանում ներկայում գտնվում է ընդհանուր առմամբ 900 վրաստանցի զինծառայող։ Վրաստանը ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրների շարքում ամենաշատ զինծառայողներն ունի։ Բացի այդ, վրացական կողմը անհամեմատ ավելի շատ զինուժ ունի Աֆղանստանում՝ քան ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ, այդ թվում՝ Թուրքիան:

Հայաստանը ևս մասնակցում է առաքելությանը, Աֆղանստանում գործում է ՀՀ ԶՈւ 120 խաղաղապահ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *