Իրանի պաշտպանության նախարարը «շուտով» կմեկնի Ռուսաստան

Իրանի պաշտպանության նախարար Ամի Հաթամին «առաջիկա շաբաթների ընթացքում» մեկնելու է Ռուսաստան՝ հանդիպելու ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի ՊՆ ներկայացուցչի։

Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկելու են երկու երկրների ռազմական համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ 2016-ի փետրվարին Իրանի պաշտպանության այն ժամանակվա նախարար Հոսեին Դեհղանն այցելել էր Ռուսաստան, որտեղ հանդիպել էր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:

ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում իրանցի պաշտոնյան քննարկել էր երկու երկրների ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը։

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին։ Գործարքն արժեցել է շուրջ 1 մլրդ դոլար։ Համակարգն Իրանը փորձարկել է 2017-ի մարտին։

Ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում, որ Իրանը Ռուսաստանից ցանկանում է նաև Սու-30 կործանիչներ գնել, սակայն Իրանի վրա դրված զենքի վաճառքի սահմանափակումների պատճառով դա անել դեռ հնարավոր չէ:

Նշենք, որ ՄԱԿ-Ի ԱԽ 2231 բանաձևով` 2015թ. հուլիսի 20-ից 2020թ. հոկտեմբերի 18-ը տանկեր, զրահամեքենաներ, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ Իրանը  կարող է ձեռք բերել միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնությամբ:

ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևից բացի  Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը սահմանափակվում է նաև ՌԴ նախագահի «2010թ. հունիսի 9-ի ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի կատարման միջոցառումների մասին» հրամանով, որն արգելում է Իրանին մատակարարել տանկեր, զրահամեքենաներ, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ կամ հրթիռային համակարգեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *