Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի ճամբարներին Իրաքի հյուսիսում

Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանում։Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում «վնասազերծվել է» 17 քուրդ զինյալ։ Օդային գործողությանը ներգրավվել են նաև հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր։

Նշենք, որ թուրքական օդուժը նաև սկսել է ռմբակոծել PKK-ի զինյալների դիրքերը Իրաքի Ասոս լեռների շրջանում, որը Թուրքիայի սահմանից շուրջ 180 կմ հարավ է: Առաջին անգամ այդ շրջանում PKK-ին թուրքական օդուժը հարվածել էր նոյեմբերի 28-ի լույս գիշերը: Ըստ որում, համաձայն թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» պարբերականի՝ Թուրքիան առաջին անգամ գործել է Իրաքից և Իրանից ստացած հետախուզական տվյալներով:

Թուրքական կողմը մյուս կողմից սկսել է նոր ուժեր ուղարկել Իրաքի հետ սահմանային շրջաններ։ Դեկտեմբերի 6-ին Թուրքիան 40 զրահամեքենայից կազմված զինվորական շարասյուն է ուղարկել հարավարևելյան Հաքքարի նահանգ՝ Իրաքի հետ սահմանկցող շրջաններ:

Թուրք ուժայինները շարունակում են քուրդ զինյալների դեմ ռազմական գործողությունները նաև Թուրքիայի տարածքում։ Թուրք-քրդական բախումները առավել ակտիվ են երկրի արևելքում և հարավ-արևելքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *