Սիրիայի քրդերը և Իրաքի բանակը ստեղծում են համատեղ ռազմական կենտրոն

Արաբներից և հիմնականում քրդերից կազմված, ԱՄՆ աջակցությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) Իրաքի բանակի հետ միասին ստեղծում են համատեղ ռազմական համակարգման կենտրոն՝ համատեղ սահմանների անվտանգության ապահովման համար: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Այդ նպատակով՝ դեկտեմբերի 10-ին հանդիպել են SDF-ի և Իրաքի բանակի հրամանատարությունները: Կողմերը քննարկել են Սիրիայի Դեր Զոր նահանգին հարակից Սիրիա-Իրաք սահմանի պաշտպանության, ինչպես նաև ԻՊ-ի վերջնական վերացման մասին հարցեր:

Հանդիպման մասին թվիթերի իր էջում հայտնել է նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի խոսնակ Ռայան Դիլոնը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր Սիրիայի ողջ տարածքն ԻՊ-ից ազատագրվելու մասին: ՌԴ ԶՈւ աջակցությամբ գործող Սիրիայի կառավարական ուժերը զբաղեցրել են Եփրատից արևմուտք ընկած տարածքը, իսկ արևելյան ափը և Իրաքի սահմանին հարակից գոտիները վերահսկում է SDF-ը:

Դրան զուգահեռ Իրաքի բանակը, շարունակելով առաջխաղացումը, ԻՊ-ից ազատագրել և վերահսկողություն է հաստատել սահմանի իրաքյան հատվածում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *