Սյունիքի մարզպետարանի տարածած հայտարարությունը մտահոգիչ է և անհասկանալի. զինդատախազ

ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը մեկնաբանել է Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունը՝ նշելով, որ մտահոգիչ և անհասկանալի է համարում այն, որ դեպքի վերաբերյալ նրանք տարածել են սեփական մեկնաբանությունը։

Այս կապակցությամբ iLur.am-ի հետ զրույցում զինվորական դատախազը պատասխանել է թեմայի վերաբերյալ հարցերի։

Գևորգ Կոստանյան

Գևորգ Կոստանյան
Լուսանկարը՝ Panorama.am-ի

Պարոն Կոստանյան, խնդրում եմ, Ձեր գնահատականը տվեք Սյունիքի մարզպետարանի տարածած՝ հունիսի 1-ի դեպքերի տեսագրության սղագրությունը հրապարակելու փաստին:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ տեսաձայնագրությունն առգրավվել է դեպքից մի քանի ժամ անց, հետեւաբար՝ այդ տեսագրությունը առնվազն մի քանի ժամով հասանելի է եղել մարզպետի ընտանիքի բոլոր անդամներին, եւ վստահ եմ, որ վերջիններս տեսագրության պատճենները վերցրել են:

Բայց ինձ համար անընդունելի է ոչ թե տեսագրության սղագրման հրապարակման փաստը, որովհետեւ այդ տեսագրության սղագրությունն ամեն մարդ կփորձի տալ իր յուրովի մեկնաբանությամբ, ընկալմամբ եւ արտահայտմամբ, այլ ինձ համար մտահոգիչ է, որ պետական մարմինը, այս դեպքում՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը, հայտարարություններ է տարածում այնպիսի հարցի հետ կապված, որ բացարձակ չի առնչվում իրենց լիազորությունների եւ գործառույթների հետ: Ինձ համար դա է մտահոգիչ եւ անհասկանալի:

 Այս հրապարակումը նախաքննության գաղտնիության սկզբունքի հետ հակասության մեջ չի՞ մտնում:

Կրկնեմ՝ այդ տեղեկատվությունը, մինչեւ նախաքննության մարմնի ձեռքում հայտնվելը՝  արդեն հասանելի է եղել: Ֆորմալ առումով մենք դա չենք կարող դիտարկել որպես նախաքննության գաղտնի տվյալների հրապարակում: Միեւնույն ժամանակ, նման սղագրությունը, մեկնաբանությունները բացարձակ որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ նախաքննության ընթացքի վրա, հետեւապես նաեւ՝ այդ ձայնագրության վերարտադրությունից բխող հանգամանքների վերաբերյալ իրավական գնահատական տալու վրա: Մարտավարական տեսակետից այդ հրապարակման փաստն ինձ բացարձակ չի հետաքրքրում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *