Թուրքիայում PKK-ի դեմ գործողություններում սպանվել է 1 թուրք զինծառայող

Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ գործողությունների ընթացքում վիրավորված թուրք զինծառայողը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ Շրնաք նահանգում. ապրիլ 2017

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ Շրնաք նահանգում. ապրիլ 2017

Ըստ աղբյուրի՝ քուրդ զինյալները ինքնաշեն պայթուցիկ սարք են պայթեցրել, երբ Թուրքիայի ժանդարմերիայի 23-րդ սահմանապահ դիվիզիայի զինծառայողները Գաբար լեռան շրջանում գործողություններ են իրականացրել։ Վիրավորված ժանդարմը տեղափոփոխվել է Շրնաքի հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել է։

Թուրք ուժայինները շարունակում են քուրդ զինյալների դեմ գործողությունները ինչպես Շրնաք նահանգում, այնպես էլ մի շարք այլ նահանգներում։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 1-7-ը ուժայինները «վնասազերծել են» PKK-ի 20 զինյալի։ Նշված ժամանակահատվածում թուրքական կողմի կորուստների մասին տվյալներ չեն փոխանցվում։

Թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից։ Երկու տարուց ավել շարունակվող բախումներում երկու կողմերն էլ ունեն մեծաթիվ մարդկային և նյութական կորուստներ։ Բախումները առավել ակտիվ են եղել 2015-ի ամառ – 2016-ի ձմեռ ժամանակահատվածում, երբ քրդերն առավել ուժեղ դիմադրություն են ցույց տալիս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *