Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոթին: Կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Նախարարը շնորհավորել է դեսպան Լաքոթին պաշտոնի ստանձնման կապակցությամբ:
Ըստ պաշտպանության նախարարի՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը պարտավորեցնում է զարգացնել համագործակցությունը նաև պաշտպանական բնագավառում:
Դեսպան Լաքոթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, վստահություն հայտնելով, որ հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը շարունակական բնույթ է կրելու:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել էր ՀՀ-ում առաքելությունն ավարտած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին: