Դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Սիրիայի ողջ տարածքն ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, ԻՊ բոլոր ստորաբաժանումները ոչնչացվել են: Փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը:
ՌԴ ԶՈւ ԳՇ պետը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն արդեն իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է այդ մասին:
Գերասիմովի խոսքերով՝ դեկտեմբերի 6-ին Սիրիայի կառավարական և կառավարամետ ուժերն ազատագրել են Դեր Զորի շրջակայքի վերջին բնակավայրերը:
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ավելացրել է, որ Եփրատից արևելք հաջող են գործել Միջազգային կոալիցիայի ուժերը, մասնավորապես՝ քրդական զինուժը և տեղի ցեղերը: Ըստ որում մասնավորապես քրդերը գործել են նաև Ռուսաստանի խորհրդով և աջակցությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Ռուսաստանը քրդերին օգնել էր ԻՊ=ից Դեր Զորի արվարձաններ գրավելու գործողությունում: Նույն օրը համատեղ մամուլի ասուլիս էին անցկացրել քրդական ուժերի խոսնակը և Սիրիայում ՌԴ ԶՈւ «Հմեյմիմ» ավիաբազայի հրամանատարը: Դեկտեմբերի 6-ին Սիրիայի քրդական ուժերը ՌԴ զինուժին շնորհակալություն են հայտնել նաև Եփրատից արևմուտք ԻՊ դեմ գործողություներում իրենց օգնելու համար:
Հավելենք, որ սա նոր զարգացում էր սիրիական գործընթացում, քանի որ Սիրիայի քրդերի հիմնական դաշնակիցը Միացյալ Նահանգներն է: Այս մասին ավելի մանրամասն այստեղ: