Դեր Զորում նկատվում է ռուս-քրդական համագործակցություն. զրույց արաբագետի և քրդագետի հետ

Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանն առաջին անգամ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) ավիահարվածներով օգնեց «Իսլամական պետությունից» Դեր Զորի արվարձան գրավել: Սրան զուգահեռ Դեր Զորի մոտ հանդիպել են Սիրիայում ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայի հրամանատարը և YPG-ի խոսնակը: Թեմայի շուրջ զրուցել են արաբագետ Սարգիս Գրիգորյանի և քրդագետ Մուշեղ Ղահրիյանի հետ:

Դեկտեմբերի 3-ին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին» հայտնեց, որ Սիրիայում ՌԴ օդուժը քրդերին օգնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Դեր Զորի արվարձան գրավել:

Նույն օրը քրդական կառույցի կայքը հայտնեց, որ Դեր Զորի գործողությունից հետո համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել սիրիայում ՌԴ ԶՈւ ներկայացուցչի հետ: Քրդական կողմից մասնակցել էր YPG-ի խոսնակ Նուրի Մահմուդը:

Սիրիայում ՌԴ ԶՈւ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Եվգենի Պոպլավսկին և քրդական YGP-ի խոսնակ Նուրի Մահմուդը. Աղբյուրը՝ YPG. 03.12.2017

Սիրիայում ՌԴ ԶՈւ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Եվգենի Պոպլավսկին և քրդական YGP-ի խոսնակ Նուրի Մահմուդը. Աղբյուրը՝ YPG. 03.12.2017

Մեկ օր անց՝ դեկտեմբերի 4-ին, ՌԴ ՊՆ-ն հաստատեց հանդիպման և համատեղ գործողության մասին տեղեկությունները: Այստեղից պարզ դարձավ, որ ռուսաստանյան կողմից հանդիպմանը մասնակցել է գեներալ-մայոր Եվգենի Պոպլավսկին:

Նշենք, որ մինչ այս անգամ տեղեկությունների կային, որ ՌԴ օդուժը ոչ միայն չի աջակցել, այլև՝ ավիահարվածներով խանգարում էր նրանց առաջխաղացմանը դեպի Դեր Զոր: Ավելացնենք, որ Սիրիայում քրդական ուժերը գործում են Միացյալ Նահանգների աջակցությամբ:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս զարգացումները նոր երևույթներ են Սիրիայում, որոնք կապված են մի շարք հանգամանքների հետ.

«Իհարկե նոր է, նոր է, որովհետև Սիրիայում ձևավորվում են ազդեցության գոտիներ, ուժեր, որոնք այդ ազդեցության գոտիներում բավական ազդեցիկ են, և այդ ուժերից մեկն էլ քրդերն են: Հետևաբար նաև Ռուսաստանը փորձում է այդ ազդեցության գոտիներում ունենալ նաև իր ազդեցությունը՝ որոշ գործընթացներում ակտիվություն ցուցաբերելով քրդերի հետ աշխատանքներում»:

Քրդերի ազդեցությունը Սիրիայում մեծանում է սկսած մասնավորապես 2014 թվականից, սակայն սրա հետ կտրականապես համաձայն չէ Թուրքիան: Անկարան մասնավորապես վերջերս հայտարարում է, որ իրենք ցանկացած պահի կարող են գործողություն սկսել քրդերի դեմ, հատկապես՝ Աֆրինի քրդական ուժերի: Այս մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Սակայն հիմնական խանգարող գործոնը Միացյալ Նահանգներն է: Վաշինգտոնը մեկ հայտարարում է, որ իրենք զորքերը կհանեն Սիրիայից և քրդերին այլևս չեն զինի, մեկ էլ նշում, որ կշարունակեն մնալ Սիրիայում:  Մյուս կարևոր խաղացողների՝ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումը ևս հստակ չէ:

Քրդագետ Մուշեղ Ղահրիյանը ևս նշում է, որ ներկայում Սիրիայում ականատես ենք ազդեցության գոտիների բաժանման գործընթացին: Ըստ քրդագետի՝ գործընթացին ներգրավված են մի շարք երկրներ և ուժեր, որոնք երկիր չեն: Ըստ որում քրդագետը հիշեցնում է, որ վերջին ամիսներին Սիրիայի կառավարական ուժերը Ռուսաստանի աջակցությամբ առաջ են շարժվում Դեր Զորում, իսկ մյուս կողմից Ռաքքայից Դեր Զորի ուղղությամբ խորանում են ԱՄՆ աջակցությամբ գործող քուրդ-արաբական ուժերը:

«Այդ երկրները, ինչպես հայտնի է, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն են, իսկ երկիր չհանդիսացող ուժերից՝ նաև քրդերը: …

Եվ այժմ երկու ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների սահմանն անցնում է Ռաքքա-Դեր Զոր գծով: Առայժմ երկուսն էլ շարունակում են պայքարը «Իսլամական պետության» վերջին տարածքները գրավելու համար: Հետագայում դժվար կլինի ասել, թե ինչպես է  լուծվելու այդ տարածքների վերահսկողության հարցը:

Բնականաբար ընդդիմադիր ուժերը չեն ցանկանա նահանջել Ռաքքայի շրջանից, այն տարածքներից, որը իրենց վերահսկողության տակ է անցել, քանի որ այդ տարածքները նաև հարուստ են ածխաջրածնային պաշարներով (նավթ, գազ ևն): Մյուս կողմից սիրիական կառավարական ուժերը պետք է ձգտեն այդ տարածքների վրա վերահսկողություն տարածել, որովհետև Սիրիայի կառավարության համար ևս դա մեծ նշանակություն ունի:

Քանի որ իրավիճակը փոխվում է օր-օրի, առայժմ դժվար է ասել, թե արդյոք կկարողանան կառավարական ուժերը և ընդդիմադիր ուժերը պայմանավորվել, թե նրանց միջև արդեն կսկսվի պայքար»:

Քրդագետը նշում է, որ առայժմ բարդ է ասել, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները քրդերի հետ, սակայն կարելիէ  արձանագրել, որ կողմերը որոշում են իրենց ուժերի հատման շրջաններում ազդեցության վերաբաշխման գոտիները:

Ավելացնենք, որ, քրդական կողմի տեղեկություններով, օրերս թուրքական ուժերը Սիրիայի Իդլիբի շրջանից մանր հարձակումներ են նախաձեռնել Աֆրինում քրդական ուժերի դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *