Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ԳՇ տեղակալ – օպերատիվ վարչության նոր պետի անունը

Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահը ստորագրել է Վրաստանի և Ռուսաստանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի պետական հանձնաժողովներում փոփոխություններ կատարելու մասին հրամանագիր: Այդտեղից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության նոր պետը գեներալ (ենթադրաբար դեռ գեներալ-մայոր) Այազ Հասանովն է:  Հրամանագրերը հրապարակվել են Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունում:

Համաձայն հրամանագրերի՝ նշված հանձնաժողովների ղեկավարը գեներալ-մայոր Էլբրուս Օրուջովի փոխարեն այսուհետ Այազ Հասանովն է: Օրուջովը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր 2017 թ. սկզբին: Դրա մասին հայտնի էր դարձել մարտի 28-ին:

Օրուջովը 1992 թ. եղել է Շուշիի և Բերձորի (Լաչին) կայազորի հրամանատարը: Տվյալ ճակատներում անհաջողություն կրելուց հետո նրան պետք է պատասխանատվության ենթարկեին, սակայն Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո Օրուջովը կրկին ծառայության էր վերադարձվել:

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ – օպերատիվ վարչության նոր պետը՝ Այազ Հասանովը (Ayaz Həsənov), 2013 թ. Ադրբեջանի պաշտպանության նոր նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով նշանակվել էր այդ երկրի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում:

Հասանովն այդ պաշտոնից հեռացվել էր մեկ տարի անց՝ 2014 թ.: 2-րդ Կորպուսի շտաբը տեղակայված է Բեյլագանի մոտ՝ Արցախի հարավարևելյան սահմանի ուղղությամբ: Այազ Հասանովը 2013 թ. ստացել էր գեներալ-մայորի կոչում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *