Դեկտեմբերի 5-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերը ներկայացրել են իրենց նոր «Սեփար» («վահան») հրթիռային նավը, որը համալրել է Իրանի ՌԾՈւ Կասպյան նավատորմը։ Նավը կառուցվել է երկուսուկես տարվա ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
«Սեփար» նավի երկարությունը 47 մետր է, բարձրությունը 3,90 մ, արագությունը՝ 65կմ/ժ, զինված է «մակերևույթ-մակերևույթ» դասի հրթիռներով, 40 և 76մմ հրանոթներով։
Հավելենք, որ Իրանի բանակի ռազմածովային ուժերը հաջորդ տարի (իրանական օրացույցով՝ 2018թ. մարտի 21- 2019թ. մարտի 20) համալրվելու են «Սահանդ» ականակիր նավով։ «Սահանդից» հետո կներկայացվի «Շիրազ» ականակիրը, որի կառուցումն ընթացքի մեջ է։
Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերի մեծ մասը տեղակայված է երկրի հարավային ռազմածովային բազաներում, մասնավորապես Պարսից ծոցի պաշտպանությունն ապահովելու համար:
Ավելի փոքրաթիվ Կասպյան նավատորմը տեղակայված է Բանդար Անզալի նավահանգստում, որտեղից վերջին տարիների ընթացքում իրանական ռազմանավերը մի քանի բարեկամական այցելություններով մեկնել են Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի նավահանգիստներ: