Թուրք-իրանական սահմանին իրանցի սահմանապահ է սպանվել

Դեկտեմբերի 4-ին թուրք-իրանական սահմանին զինյալների հարձակման հետևանքով վիրավորվել է Իրանի սահմանապահ ծառայության 2 զինծառայող, և ևս 2 քաղաքացիական անձ։ Վիրավորները Թուրքիայի ԶՈւ ուղղաթիռով տեղափոխվել են այդ երկրի հիվանդանոցներ։ Վիրավոր սահմանապահներից մեկը մահացել է հիվանդանոցում։ Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը։

Միջադեպի առնչությամբ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ հարձակումն իրականացրել են PKK-ի («Քրդստանի աշխատավորական կուսակցության») զինյալները։

PKK զինյալներ

PKK զինյալներ

Իրանի արտգործնախարարի խոսնակ Բահրամ Ղասեմիի խոսքերով՝ Իրանը ուսումնասիրում է միջադեպի հստակ պատճառները։ Հայտնում է Իրանի ԱԳՆ կայքը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ին, թուրք-իրանական սահմանին  զինյալների հետ բախումների հետևանքով սպանվել էր Իրանի սահմանապահ ծառայության 8 զինծառայող:

Զինյալները եղել էին PJAK-ի անդամներ (քրդ. Partiya Jiyana Azad a Kurdistanê, «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն»):

PJAK-ը 2003-ին Իրանում ստեղծված քրդական  կազմակերպություն է, որը ղեկավարվում է PKK-ի կողմից: Գործում է հիմնականում Իրանի Քուրդիստան, Արևմտյան Ադրբեջան (Ատրպատական)  և Քերմանշահ նահանգներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ի լույս գիշերը Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի շուրջ 30 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել էին Իրաքի Ասոս լեռան լրջանում PKK դիրքերը: Ըստ թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» պարբերականի՝ Թուրքիան առաջին անգամ գործել է Իրաքից և Իրանից ստացած հետախուզական տվյալներով: 

Թուրքական պարբերականի նյութում նշվում է, որ երեք երկրները՝ Թուրքիան, Իրաքը և Իրանը միավորել են ջանքերը PKK-ի դեմ պայքարում:

Հավելենք,  որ Թուրքիան PKK դեմ պայքարի շրջանակներում  Իրանի հետ սահմանի երկայնքով պատ է կառուցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *