Ռազմինֆոյի «չգաղտնիքը». մեր արձագանքը հերթական անհիմն քննադատությանը

Դեկտեմբերի 4-ին sut.am կայքում հրապարակվել էր «Ռազմինֆոն» հրապարակում է «գաղտնի» տեղեկություններ» վերտառությամբ մի հոդված, որն անդրադառնում է մեր կայքում 2017 թ․ հոկտեմբերի 10-ին հրապարակաված «65 ռազմական գործարանը» 5 տարում շուրջ 1 մլրդ դրամի արտադրանք է մատակարարել ՀՀ զինուժին լուրին։

Ըստ հոդվածի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դիմել է ՊՆ-ին վերոհիշյալ հոդվածում առկա տվյալները տրամադրելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել։

Չենք կարող ասել, թե ինչու է ՊՆ-ն մերժել, սակայն մեր համար տարօրինակ է թե´ հոդվածի վերնագրի ընտրությունը, թե´ հոդվածի ընդհանուր տոնայնությունը։

Այսպես օրինակ՝ ՊՆ-ից մերժման հետ կապված նյութում գրված է․ «Այստեղ տրամաբանական հարց է առաջանում. որտեղի՞ց Razm.info-ին «պետական և ծառայողական գաղտնիք» հանդիսացող տեղեկություններ, մի՞թե նախարարությունն ընտրողաբար է տեղեկատվություն տրամադրում»։

Ու դա այն դեպքում, որ Razm.info-յի նյութում հստակ նշված է, որ տվյալները վերցված են․ «ՀՀ կառավարության առաջիկա [խմբ․ հոդվածի հրապարակման պահին] նիստի օրակարգի փաստաթղթերից»։ Նշենք, որ e-gov.am կայքում այդ փաստաթղթերը հիմա էլ են առկա:

Կարող ենք ենթադրել, որ սրա պատճառը sut.am կայքի աշխատակիցների կանխակալ վերաբերմունքն է Razm.info-յին։ Համենայն դեպս ֆեյսբուքյան «Մեդիագրագիտություն» խմբում քննարկման ժամանակ պարոն Իոաննիսյանը մեկնաբանություններում գրել էր, որ «Խնդիրն այն է, որ ռզմինֆոն ՊՆ-ի համար արտոնյալ է», ինչպես նաև համոզմունք էր հայտնել, որ․ «Ինձ համար ակնհայտ է, որ ՊՆ-ից են տվել տեղեկությունները: Ես հիմա դա չեմ պնդում, բայց դա չի փոխում իմ ներքին համոզմունքը:»։

Այնուամենայնիվ, նույնիսկ կանխակալ վերաբերմունք ունենալու դեպքում ոչինչ չէր խանգարում Sut.am-ին ճշտել մեզնից, թե որտեղից են այդ տվյալները վերցված։

Այս դեպքը հաշվի առնելով՝ հարկ ենք համարում մեր վերաբերմունքը հստակեցնել մի շարք հարցերի վերաբերյալ։

  • Հաշվի առնելով կայքի ուղղվածությունը՝ մենք միշտ մեծ զգուշություն ենք ցուցաբերում Հայաստանին վերաբերող տեղեկությունների հրապարակման հարցում։
  • Մենք առավելապես աշխատում ենք բաց, հանրությանը հասանելի կամ օրինական ճանապարհով ձեռք բերված տվյալների հետ ինչպես մեր լրատվական, այնպես էլ վերլուծական և հետազոտական նյութերում։
  • Ո´չ ՊՆ-ի, ո´չ էլ Հայաստանի մյուս ուժային կառույցների կամ դրանց առանձին ներկայացուցիչների հետ մենք չունենք ֆորմալ կամ ոչ ֆորմալ պայմանավորվածություններ այսպես կոչված «ինսայդերական» տեղեկություններ ստանալու կամ որևէ այլ արտոնության շուրջ։
  • Ընդհանուր դեպքում մենք չենք ողջունում «ինսայդերական» տեղեկությունների վրա հիմնված լրագրությունը, թեպետ ընդունում ենք, որ որոշ մասնավոր դեպքերում դա կարող է լինել օբյեկտիվ անհրաժեշտություն։
  • Մենք բաց ենք ցանկացած կոնստրուկտիվ և ըստ էության քննադատության համար։

Հ․Գ․ Նշենք նաև, որ մինչ մենք պատրաստում էինք այս հոդվածը, Sut.am որոշակի փոփոխություններ կատարեց իրենց հոդվածի հայերեն տարբերակում՝ վերանվանելով այն. «Կառավարությունը և «Ռազմինֆոն» հրապարակում են «գաղտնի» տեղեկություններ (թարմացված է)»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *