Դեկտեմբերի 4-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի «Սաբերին» հատուկջոկատայինների բրիգադը վարժանքներ է անցկացրել։ Վարժանքների անցկացման հայտարարվող նպատակը զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացնելն է։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Վարժանքներին խաղարկվել են հետախուզություն իրականացնելու, գիշերային գրոհի, դարանակալման, անապատում մարտ վարելու, հեռու և մոտ տարածություններից հրաձգություն կատարելու գործողություններ։
Հավելենք, որ դեկտեմբերի 4-ին Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում մեկնարկել է այդ երկրի բանակի ցամաքային զորքերի քառօրյա «Մոհամմադ ռասուլ Ալլահ» զորավարժությունը, որն անցկացվում է բնակչությանը առաջին օգնություն տրամադրելու թեմայով։