Դեկտեմբերի 4-ին Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում մեկնարկել է այդ երկրի բանակի ցամաքային զորքերի քառօրյա «Մոհամմադ ռասուլ Ալլահ» զորավարժությունը, որն անցկացվում է բնակչությանը առաջին օգնություն տրամադրելու թեմայով։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Զորավարժությանը առավելապես խաղարկվելու են առաջին բուժօգնության տրամադրման, որոնողափրկարարական գործողություններ։
Հավելենք, որ նոյեմբերի 12-ին Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով ներգրավվել էին նաև բանակի, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողներ, այդ կառույցների ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ռազմական բժիշկներ։
Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերին Իրանի հարավ-արևելքում անցկացվել էր բանակի ցամաքային և ռազմաօդային ուժերի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-4» եռօրյա զորավարժությունը։
Զորավարժությանը ներգրավվել էին հատուկ նշանակության, արագ արձագանքման, օդադեսանտային ուժեր, հրետանային, զրահատանկային ստորաբաժանումներ, Bell 206, Bell 214 ուղղաթիռներ, «Միրաժ» կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր։