Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, անցկացրած զորավարժության սցենարով ՀՀ ԶՈւ և Արցախի ՊԲ խոշոր զորախումբը խաղարկել է «լայնամասշտաբ հակահարձակողական գործողություն»։ Զորավարժության նախօրեին լրագրողների հետ զրուցել է վարժանքներին ներգրավված համահավաք զորախբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։
Գեներալ-մայորը հայտնեց, որ վարժանքներին մասնակցում են և՛ ցամաքային, և՛ օդային զորատեսակները մի քանի հարյուր միավոր զինտեխնիկայով և մի քանի հազար զինծառայողներով։
Զորավարժության նպատակն է «զորախմբի առկա ուժերով և միջոցներով օպերացիայի նախապատրաստումն ու վարումը կողմերի փոխգործակցության շրջանակներում»։ Զորավարժության ավարտին ստորաբաժանումները «զբաղեցրել են նպաստավոր բնագծեր և անցել պաշտպանության»։
Գեներալ-մայորի խոսքերով.
- ստուգելու են զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը, մշակելու են դրանց մարտական ունակությունները, ներդաշնակումը հարձակողական օպերացիայի ընթացքում։
- Ուսուցանելու են զորամիավորման, զորախմբի զորատեսակների ու ծառայության պետերի, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներին հարձակողական օպերացիայի նախապատրաստության և վարման գործում։
- Մշակելու են հրամանատարների հմտությունները հապճեպ պաշտպանության անցած հակառակորդի ջախջախումը կազմակերպելու ուղղությամբ։
Ըստ զորավարժության սցենարի հակառակորդն առաջինն է սկսում ռազմական գործողությունները՝ ճեղքելով առաջնագիծը և մխրճվելով հայկական տարածք։ Զորախումբը խնդիր ունի կանգնեցնել հակառակորդին՝ ստիպելով վերջինիս անցնել հապճեպ պաշտպանության, այնուհետև ճեղքելով այդ պաշտպանությունը՝ մասնատել և ջախջախել հակառակորդի ուժերն իր իսկ զբաղեցրած շրջանում։
Համատեղ զորախմբի հրամանատարի խոսքով՝ նպատակն այն է, որ զորախումբը ամբողջովին կարողանա ներդաշնակվել, միասին գործել և միասին խնդիր կատարել, անհրաժեշտության դեպքում կարողանա միասին մարտ վարել։
Գեներալ-մայոր Փարվանյանը Ռազմինֆոյի լրագրողի այն դիտարկմանը, թե վերջերս անցկացված զորավարժությունները հիմնականում ապրիլյան՝ նախորդ պատերազմի սցենարով են, պատասխանեց, որ տարբեր զորավարժություններն անցկացվում են վարած պատերազմին և մարտին համահունչ, բայց նաև միշտ պետք է կատարելագործվել, չպետք է միշտ վերցնել անցած պատերազմի, նախկին բախումների ժամանակ ինչ է եղել և դրա ֆոնի վրա պատրաստել զորավարժություն։
«Բանակը զարգացող օրգանիզմ է և բոլոր փուլերում զարգանում է․․․ Զորավարժությունը ունի իր թեման, համահավաք զորախումբն [այս անգամ] կատարում է այլ խնդիր. այն զորավարժության ընթացքում վարելու է հիմնականում հարձակողական մարտ։ Ճիշտ է զորավարժության սցենարով հակառակորդը ճեղքել է առաջնագիծը, անցել ենք պաշտպանության, կանգնեցնելու ենք հակառակորդին, մեծ քանակով և մեծ մասշտաբով հարձակում ենք իրականացնելու։ Մեր զորամասերից մեկն անցնելու է պաշտպանության, կանգնեցնելու է, հաջորդ զորամասերը ճեղքելու են պաշտպանութան անցած հակառակորդին և մասնատելու ու ջախջախելու են, որ չհասնեն իրենց տարածք, որ մեր տարածքում մնան», — հայտնեց հրամանատարը։
Զորավարժությանը ներկա են նաև լրագրողներ, ինչը նրանց հնարավորություն է տալիս իրական ռազմականին մոտ իրավիճակում առաջնագծից լուսաբանելու փորձ ստանալ։