Դեկտեմբերի 1-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի տանկային բոլոր ստորաբաժանումները մարտական կրակով վարժանքներ են անցկացնում: Վարժանքներն արվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով՝ համաձայն նախօրոք մշակված պլանի:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Վարժանքների հայտարարվող հիմնական նպատակը «դժվարանցանելի շրջաններում անձնակազմի՝ տանկի վարման և ղեկավարման ունակությունների կատարելագործումը և այդ հմտությունների կիրառումն է մարտական պայմաններում»:
Նշենք, որ նախորդ երկու շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինուժում անցկացվել են խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորախաղեր, որից հետո մեկնարկել են առանձին ստորաբաժանումների զորավարժությունները:
Հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում նոյեմբերի 18-ին վարժանքներ էին անցկացվել Ադրբեջանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումներում, իսկ նոյեմբերի 18-19-ը վարժանքներ են անցկացվել նաև Նախիջևանի առանձին համազորային բանակում։