Մինսկում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի լիագումար նիստում նախագահները ստորագրել են հավաքական անվտանգության առաջիկա տարիների ռազմավարության իրագործման, ռազմական բաղադրիչի զարգացման և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:
Ստորագրված փաստաթղթերը նաև ներառում են պաշտպանության, արտաքին քաղաքականության բնագավառներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ նախագահը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները՝ Մինսկում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստում
Նստաշրջանի շրջանակներում քննարկվել է ավելի քան երկու տասնյակ հարց: Ընդունվել են նաև քաղաքական հայտարարություններ, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը:
ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը Մինսկի Խմբի համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Նիստին Հայաստանը ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանը: Մասնակցել են նաև ՀԱՊկ անդամ մյուս պետություների նախագահները, կառույցի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Ավելացնենք, որ այսօր՝ ավելի վաղ, կայացել էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: Հայաստանից մասնակցել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ազգային Անվտանագության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։
Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։