Սիրիայի քրդական ուժերը հնարավոր է միավորվեն կառավարական բանակի հետ. PYD

Սիրիայում գործող արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը սիրիական հիմնախնդրի կարգավորումից հետո պատրաստ է դառնալ կառավարական բանակի մաս: Այս մասին ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականին հայտնել է քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) ներկայացուցիչներից Աբդ Սալամ Ալի:

«Եթե բոլոր հարցերի համար կարգավորում գտնվի, «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միավորումը կառավարական բանակին դեպքերի տրամաբանական զարգացում կլինի: Մենք երբեք չենք դրել առանձնացման կամ բաժանման հարց», – հայտարարել է Աբդ Սալամ Ալին:

Նշենք, որ SDF-ի կազմում հիմնականում ընդգրկված են քրդական PYD-ի ռազմական թև համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG):

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG)

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG)

SDF խմբավորմանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար ֆինանսական և ռազմական աջակցություն է ցուցաբերում Միացյալ Նահանգները: Նահանգների աջակցությամբ արաբա-քրդական ուժերին հաջողվեց վերահսկողություն սահմանել Ռաքքա քաղաքի վրա:

Ներկայում Սիրիայի հյուսիսում գործում է քրդական երկու ինքնավար տարածքներ՝ կանտոններ: Այս տարածքների միջև ընկած հատվածը գրավել են Թուրքիայի զինված ուժերը և նրանց աջակցող խմբերը:

Հատկանշական է, որ դեռևս այս տարվա սեպտեմբերին Սիրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է քննարկել քրդերի հետ ինքնավարության տրամադրման հարցը «Իսլամական պետության»  ամբողջական ոչնչացումից հետո:

Նշենք, որ Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի աջակցությանը բացասաբար է վերաբերում Թուրքիան: Թուրքիայի իշխանությունները նահանգներին մեղադրում են «ահաբեկիչներին աջակցելու համար»: Օրեր առաջ Պենտագոնի խոսնակներից մեկը հայտարարել է, որ հնարավոր է որոշակի սահմանափակումներ արվեն քրդերին մատակարարվող զենք ու զինամթերքի հարցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *