Նոյեմբերի 30-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարները: Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ Պակիստանի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է քննարկել համատեղ ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման հարցը: Այս մասին հայտնում են ադրբեջանական «Թրենդ» և «Ռեփորթ» լրատվական գործակալությունները:
Նշվում է նաև, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ևս շոշափել է եռակողմ ձևաչափով ռազմարդյունաբերական արտադրության խնդիրը:
Ըստ ադրբեջանական մեկ այլ՝ «ԱՊԱ» լրատվական գործակալության, Չավուշօղլուն նշել է, որ Պակիստանի հետ համագործակցում են նավերի, ինքնաթիռների արտադրության ոլորտում: Ադրբեջանը ներկրող է, բայց նույնպես ցանկանում է արտադրություն զարգացնել:
Բացի այդ, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները մեկ անգամ ևս հաստատել են, որ պատրաստվում են Պակիստանից MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռներ գնել: Սակայն Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությունը հակասում է նախկինում տարածված տեղեկությանը, որ Պակիստանի հետ համապատասխան պայմանագիրն արդեն կնքվել է: Ըստ Մամեդյարովի՝ իրենք պատրաստվում են պայմանագիրը ստորագրել: