Թուրքիայի ժանդարմների խումբը ուղարկվել է ծառայության Սիրիայի Ալ Բաբ շրջան

Թուրքիայի Ժանդարմերիայի՝ երկրի հյուսիսային Թոքաթ նահանգի Նիքսար գավառում տեղակայված գումարտակի հրամանատարությունից հատուկ նշանակության ուժեր են ուղարկվել Սիրայի Ալ Բաբ շրջանում ծառայելու:  Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի ժանդարմերիայի զինծառայողները ուղարկվել են Սիրիայի Ալ-Բաբ շրջան

Թուրքիայի ժանդարմերիայի զինծառայողները ուղարկվել են Սիրիայի Ալ-Բաբ շրջան

Ըստ թուրքական աղբյուրի՝ մոտ 180 հատուկջոկատային է ուղարկվել Ալ Բաբ շրջան, որը արդեն իսկ գտնվում է Թուրքիայի զինուժի և նրանց աջակցող խմբերի վերահսկողության ներքո:

Նշենք, որ դեռևս նոյեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ գրեթե ավարտել են Սիրիայի հյուսիսում թուրքական զինուժի համար ռազմաբազայի կառուցման աշխատանքները: Այս մասին ավելի վաղ հայտնել էին նաև թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող խմբերը 2016-ի օգոստոս – 2017-ի մարտ ժամանակահատվածում Սիրիայի հյուսիսում իրականացրել են «Եփրատի վահան» գործողությունը: Դրա արդյունքում թուրքական կողմի վերահսկողության ներքո է անցել Սիրիայի հյուսիսում մոտ 2000 քառ. կմ տարածք: Ըստ պաշտոնական տվյալների՝ գործողության արդյունքում Թուրքիան կորցրել է 71 զինծառայող, բացի այդ կորցրել է նաև տանկեր, ՀՄՄ-ներ և այլ զինտեխնիկա: Այս մասին առավել մանրամասն այստեղ և այստեղ:

Բացի Սիրիայի տարածքում ռազմական ներկայություն ապահովելուց, թուրքական կողմը կարողացավ կանխել նաև իր համար «սպառնալիք համարվող» Սիրիայի քրդական ինքնավար շրջանների՝ կանտոնների միավորումը:

Թուրքական զինուժը ներկայում տեղակայվել է սիրիական ևս մեկ նահանգում՝ Իդլիբում: Թուրքիան պնդում է, որ զորքերի տեղակայումը արվում է Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների ընթացքում ձեռքբերված համաձայնությունների շրջանակներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *