Թուրքիան Աֆրինում քրդերի դեմ գործելու շուրջ բանակցում է ԱՄՆ, Ռուսաստանի և Իրանի հետ

Նոյեմբերի 30-ին Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ հնարավոր գործողություններ սկսելու շուրջ բանակցում են ԱՄՆ, Ռուսաստանի և Իրանի հետ: Բոզդաղը չի մանրամասնել՝ նշելով, որ «սխալ է այժմ ասել, թե առաջիկա օրերին այնտեղ ինչ քայլեր կանեն»: Թուրք պաշտոնյան այս մասին հայտնել է մամուլի ասուլիսում, փոխանցում է թուրքական «Հաբեր թյուրք» հեռուստաալիքը:

Թուրքիայի փոխվարչապետը խոսում է Աֆրինում հնարավոր գործողությունների մասին

Թուրքիայի փոխվարչապետը խոսում է Աֆրինում հնարավոր գործողությունների մասին

Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ էին ուղղված նաև «Եփրատի վահան» գործողությունը, ինչպես նաև Իդլիբում թուրքական զինուժի տեղակայումը:

Միևնույն ժամանակ Բաքվում Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան «ամեն պահ կարող է մտնել Աֆրին, եթե իրենց վտանգ սպառնա»:

«Ինչպես ավելի վաղ, նորից այդ «Եփրատի վահան» գործողության ժամանակ, Քիլիսին և շրջանին սպառնացող վտանգի դեպքում առանց վարանելու մտանք այդ շրջան, ԻՊ-ից մաքրեցինք, Աֆրինից կամ այլ շրջանից Թուրքիային ուղղված սպառնալիքի ժամանակ էլ առանց վարանելու այդ տեղերը կմտնենք, այդ տեղերը ահաբեկիչներից կմաքրենք: Ինչպես ասում է մեր նախագահը՝ «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ, կարող ենք մտնել»:

Չավուշօղլուն ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքը Թուրքիայի նախագահին ասել է, որ YPG-ին (Սիրիայի քրդերի զինուժը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ) այլևս զենք չեն տալու: Թուրքիայի արտգործնախարարն ավելացրել է, որ այստեղ, սակայն, հակասություն կա Թրամփի հայտարարության և Պենտագոնի ասածների միջև:

Հիշեցնենք, որ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել էր Սիրիայի քրդերին տրվող զենքի հարցում «ճշգրտումներ անելու», այլ ոչ թե դադարեցնելու մասին: 

 

Աֆրինի հարցով զարգացումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածներում՝

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *