Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի դատախազությունը լիազորել է ձերբակալել երկրի ռազմաօդային ուժերի 66 ծառայողի, որոնց թվում են նաև գործող զինվորականներ, ռազմական օդաչուներ, ինչպես նաև քաղաքացիական ծառայողներ: 66 կասկածյալից ձերբակալվել է դեռևս 50-ը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները կասկածյալներին հայտնաբերելու համար համաժամանակյա գործողություն են իրականացրել երկրի 11 նահանգում: Մյուս 16-ի հայտնաբերման և ձերբակալման գործողությունը դեռ շարունակվում է:
Ձերբակալվածները մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու և 2016-ի ռազմական հեղաշրջմանը մասնակցություն ունենալու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Ստամբուլի Հանրապետական դատախազությունը 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի քննության շրջանակներում ևս 360 անձի ձերբակալման օրդեր է տվել, այդ թվում 333-ը՝ զինվորական:
Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին են մեղադրում հեղաշրջման փորձի համար:
Նշենք, որ ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո հեռացվել է մոտ 8570 զինվորական, նրանց փոխարեն ընդունվել է 14389-ը: Ուժային կառույցներում հեռացված սպաների մեծ մասի տեղն առայժմ չի հաջողվել լրացնել, հատկապես խիստ պակաս է զգացվում ռազմական օդաչուների շարքերում: