Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստը: Նիստին մասնակցում են նաև ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Համաձայն ՀՀ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության՝ Վիգեն Սարգսյանը նիստից առաջ աշխատանքային հանդիպումներ է անցկացրել ՀԱՊԿ անդամ պետությունների իր գործընկերների, այդ թվում նաև՝ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ:
Նիստի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների տարածման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի հիմնախնդիրներ։
Նախարարների նիստին պետք է հաջորդի հիմնական գագաթնաժողովը՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ: Այստեղ Բելառուսը կառույցի նախագահությունը կփոխանցի Ղազախստանին, որի նախագահը պետք է ներկայացնի իր երկրի առաջնահերթությունները: Կողմերը կքննարկեն կառույցի հետագա գործունեության հետ կապված հարցեր:
Նոյեմբերի 27-ին համաձայնեցվել են հիմնական հարցերը, որոնք կքննարկեն կառույցի անդամ պետությունների ղեկավարները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկնել է Մինսկ: