Նոյեմբերի 29-ի լույս գիշերը Թուրքիայի զինված ուժերի ինքնագնաց հրետանային համակարգերով բեռնված ևս 6 բեռնատար մեքենա է հասել Քիլիս նահանգի տարածք: Քիլիսը տեղակայված է Սիրիայի հետ սահմանին՝ անմիջապես քրդերի վերահսկած Աֆրինի շրջանի դիմաց: Զինտեխնիկայի փոխադրման մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Շարասյունն ուղեկցել են Թուրքիայի ժանդարմերիայի զինծառայողները: Բացի ինքնագնաց հաուբիցներից այնտեղ եղել են նաև զրահափոխադրիչներ: Զինտեխնիկան ուղարկվել է Սիրիայի սահմանային ստորաբաժանումներում տեղակայվելու համար:
Թուրքիան վերջին ամսիներին ակտիվորեն զինտեխնիկա է կուտակում Սիրիայի սահմանին: Մի մասը կուտակվում են Հաթայ նահանգում՝ նույնպես Աֆրինի շրջանի, ինչպես նաև Իդլիբ նահանգի դիմաց: Իդլիբում ևս ներկայում թուրքական ուժեր կան: Մյուս մասը կուտակվում է նշված Քիլիս նահանգում:
Թուրքական զինուժը նշված տարածքներից մերթընդմերթ հրետակոծում է Աֆրինում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (YPG) դիրքերը: Սրան զուգահեռ վերջին շրջանում Թուրքիայի ղեկավարությունն ավելի ակտիվորեն է սկսել շրջանառել Աֆրինում քրդերի դեմ հնարավոր գործողություններ սկսելու մասին ուղերձներ: Նման ենթատեքստ պարունակում էր նաև օրերս Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հրապարակված հաղորդագրությունը: