Սիրիայից Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների դուրս բերելուց հետո այնտեղ, այնուամենայնիվ, կշարունակեն մնալ հիմնական զինատեսակները՝ ինքնաթիռները, զրահատեխնիկան, ՀՕՊ համակարգերը, այդ թվում՝ Ս-400 համալիրները:
Այս մասին նոյեմբերի 29-ին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչը:
«Կարծում եմ, որ այս կամ այն չափով բոլոր հիմնական զինատեսակները և ռազմական տեխնիկան, որոնք այնտեղ կան հիմա, կշարունակեն մնալ:
Ավիացիան, ենթադրում եմ, կներկայացվի Սու-30ՍՄ, Սու-35Ս, կործանիչներով, Սու-25Ս գրոհայիններով, Սու-34 ռմբակոծիչներով, Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներով, Տու-160 և Տու-95ՄՍ մարտավարական ռմբակործիչներով, «Օրլան-10» և «Ֆորպոստ» անօդաչու թռչող սարքերով:
Կպահպանվեն ՀՕՊ համակարգերը, առանձին զրահատեխնիկայի միավորներ: Եվ իհարկե օպտիկաէլեկտրոնային հետախուզության տիեզերական սարքերը և կապի միջոցները:»,–հայտարարել է Բոնդարևը:
Նշենք, որ Ռուսաստանում այն կարծիքին են, որ Սիրիայում հակաահաբեկչական գործողությունները մոտենում են ավարտին, ըստ այդմ՝ քննարկվում է Սիրիայում ռուսական ռազմական ներկայության նվազեցման հարցը:
Վերջերս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ Սիրիայում ռազմական գործողությունները մոտենում են ավարտին: ՌԴ ԶՈւ ռազմաօդային ուժերը Սիրիայում տեղակայվել են 2015 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներից:
Օդուժը Սիրիայում ներգրավված է ռազմական գործողություններին և կրակային աջակցություն է ցուցաբերում կառավարական ուժերին: Այս ողջ ժամանակահատվածում Ռուսաստանի զինված ուժերը կրել է նաև կենդանի ուժի կորուստներ (37 մարդ):