ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ասուլիսին ներկայացնելով Գորիսի դեպքի վերաբերյալ տվյալները, նշեց.
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում և չի մասնակցել փոխհրաձգությանը: Սա փաստ է: Այդ ամենը պարզվել է տեսաձայնագրություններից»:
Կոստանյանի խոսքով՝ հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի է ունեցել զինված հարձակում և փոխհրաձգություն, որին մասնակիցներից մեկը վիրավորվել է, մեկը մահացել իսկ մյուս երկուսը` կալանավորված են:
«Հունիսի մեկին տեղի է ունեցել զինված հարձակում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմացի փողոցում և հարձակման ընթացքում տեղի է ունենում փոխհրաձգություն, որի ընթացքում մեկ անձ մահանում է, երկուսը ստանում են հրազենային մարմնական վնասվածքներ»,-նշել է զինդատախազը։
«Նախաքննության սկզբնական շրջանում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, որի ժամանակ երկու անձ ներգրավվում են որպես մեղադրյալներ ու նրանց նկատմամբ ընտրվում է կալանքը որպես խափանման միջոց:
«Ներկայումս և նախաքննության ամբողջ ժամանակահատվածում նրանք երկուսն էլ իրենց կալանքը կրելու են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նկատի ունենալով, որ գործի նախաքննությունը իրականացնում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի բաժինը, որը գտնվում է Երևանում, հետևաբար կալանավորված անձանց Երևանում գտնվելը անհրաժեշտություն է», -Գևորգ Կոստանյանի խոսքերն է փոխանցում Panorama.am-ը։