Ոստիկանության արտաբյուջետային ֆոնդից բնակարանով կապահովվի զոհված և հաշմանդամ զինծառայողների 223 ընտանիք

ՀՀ կառավարության նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երևանում 974 մլն 724 հազար դրամով ձեռքբերել 76 բնակարան և 525 մլն 276 հազար դրամ արժեքով ՀՀ մարզերում 147 ընտանիքի անհատույց տրամադրել բնակարանների գնման վկայագրեր:

Սա իրականացվում է տուգանքներից գոյացած ոստիկանության արտաբյուջետային միջոցներից հատկացումների շրջանակներում:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է, որ հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրել 223 ընտանիքների կամ կարիքավորների 11,2%-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀՀ նախագահը հայտարարել էր, որ զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը:

Ավելի ուշ՝ հունիսի 28-ին, Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ նոր ֆինանսական աղբյուրների շնորհիվ ՊՆ-ն զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների՝ բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին բնակարան տալու ծրագիրը 3 տարվա փոխարեն կավարտվի մինչև 2017թ․ տարեվերջ։

Կառավարությունը, ուսումնասիրելով ֆինանսավորման հնարավորությունները, որոշել էր ճանապարհային խախտումներից գանձվող գումարների մի մասն (1 մլրդ) ուղղել այս խնդրի լուծմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *