Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Նոյեմբերի 27-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Ասոս շրջանում: Ըստ թուրքական կողմի՝ ոչնչացվել է զինյալների 41 թիրախ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ին:

Օդային գործողություններին ներգրավվել են նաև անօդաչու թռչող սարքեր: Քրդերի դեմ Թուրքիան օգտագործում է տեղական արտադրության թե՛ հետախուզական, թե՛ հարվածային ԱԹՍ-ներ:

Նշենք, որ Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում քրդերի դիրքերին Իրաքի հյուսիսում, քանի որ այնտեղ են տեղակայված PKK-ի հիմնական ճամբարները և բազաները:

Միևնույն ժամանակ թուրք ուժայինները շարունակում են ռազմական գործողությունները PKK-ի դեմ նաև Թուրքիայի տարածքում: Թուրքիայում թուրք-քրդական բախումները առավել ակտիվ էին 2015-ի ամռան – 2016-ի ձմեռ ընկած ժամանակահատվածում, երբ քուրդ զինյալները առավել ուժեղ դիմադրություն էին ցուցաբերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *