Միացյալ Նահանգները «ճշգրտումներ կանի» Սիրիայի քրդական ուժերին տրամադրվող ռազմական աջակցության հարցում: Սակայն ԱՄՆ-ն շարունակելու է աջակցությունը մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ոչնչացումը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակներից Էրիկ Պահոն, փոխանցում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 26-ին, ԻՊ դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակներից մեկը հայտարարել է, ԱՄՆ քննարկում է արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը աջակցությունում կրճատումներ անելու հարցը: Կրճատումներ լինելու են ինչպես խոհրդատուների թվաքանակում, այնպես էլ մատակարարվող սպառազինությունում:
Նա նաև նշել է, որ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորմանը տրամադրվող զենքը արդեն իսկ սահմանափակվել է:
Միևնույն ժամանակ սոցցանցերում և մամուլում տեղեկություններ են տարածվում, որ ԱՄՆ-ն շարունակում է զրահամեքենաներ ուղարկել SDF խմբավորմանը:
Новый Военный конвой , помощь для #СДФ , #SDF , #YPG , #YPJ, pic.twitter.com/5IOgC7r8Tk
— Basil Al Habibi (@BasilHabibi) November 26, 2017
Նշենք, որ Սիրիայի քրդական խմբավորումներին ԱՄՆ-ի աջակցությունը լրացուցիչ լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական ուժերին համարում են «ահաբեկչական կառույցներ» և քննադատում ԱՄՆ-ին այդ ուժերի հետ համագործակցելու համար:
Թուրքական կողմը նաև տեղեկություններ է տարածում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և վերջինս հայտնել է, որ այլևս քրդական ուժերին զենք չեն տրամադրելու:
Թուրքիայի վարչապետն էլ հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումից հետո, Թուրքիան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի համագործակցությունը Սիրիայի քրդական խմբավորումների հետ: