ԱՄՆ զինուժի թվաքանակը Իրաքում և Աֆղանստանում հայտարարվածից զգալիորեն ավել է

Պենտագոնը հրապարակել է բանակի և Ազգային գվարդիայի թվաքանակը, այդ թվում՝ այլ պետությունների տարածքում: Իրաքում Նահանգներն ունի 8892 զինծառայող, իսկ Աֆղանստանում՝ 15.298: Թուրքիայում ամերիկյան զինուժի թվաքանակը հաշվվում է 2174: Տվյալները ներկայացված են ըստ 30.09.2017 թ,: Զեկույցը հրապարակվել է Պենտագոնի կայքում:

Իրաքում ամերիկյան զինուժի թվաքանակը անհամեմատ ավելի շատ է, քան նախկինում հայտարարում էին ԱՄՆ ՊՆ խոսնակները: Մասնավորապես վերջերս՝ նույնիսկ զեկույցի հրապարակվելուց հետո, Պենտագոնի խոսնակ գնդապետ Ռոբ Մեննինգը հայտարարել էր, որ Իրաքում ունեն 5000 զինծառայող:

Ըստ զեկույցի՝ Նահանգներն այդ երկրում ունի՝

Իրաք Ակտիվ անձնակազմ Ազգային գվարդիա/Պահեստային Քաղաքաց. / Ընդ.
Բանակ 4918 533 185
ՌԾՈւ 396 45 12
Ծովային հետևակ 1296 26 4
Օդուժ 792 123 17
Ազգային գվարդիա / այլ 0 763 13
Ընդհանուր 7402 1490 9123

ԱՄՆ-ն Սիրիայում և Իրաքում գլխավորում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ միջազգային կոալիցիան: Նահանգները հիմնականում իրականացնում է օդային գործողություններ, Սիրիայում ցամաքում դաշնակցում քուրդ-արաբական ուժերի, մի շարք ընդդիմադիր փոքր խմբավորումների հետ, իսկ Իրաքի տարածքում՝ կառավարական բանակի և քրդական Փեշմերգայի հետ:

Ավելացնենք, որ ԱՄՆ-ն հայտարարվածից առնվազն 3 անգամ ավելի շատ զորք ունի նաև Սիրիայում: Հիշեցնենք, որ 2017 թ. ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավար Ջեյմ Մետտիսին լիազորել էր ինքնուրույն փոփոխել Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորախմբի քանակը:

Աֆղանստանում Միացյալ Նահանգները սեպտեմբերի 30-ի դրությամբ տեղակայել է 16500 հոգանոց անձնակազմ, այդ թվում՝

  • Բանակ, ՌԾՈւ, օդուժ, ծովային հետևակ՝ 13.329,
  • Ազգային գվարդիա, բանակի ռեզերվ՝ 1969,
  • Քաղաքացիական՝ 1202:

ԱՄՆ-ն Աֆղանստանում ներգրավված է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» խաղաղապահական առաքելությանը: Հավելենք, որ 2017 թ. ընթացքում ՆԱՏՕ-ն քննարկում է Աֆղանստանում իր և գործընկեր պետությունների (այդ թվում նաև Հայաստան՝ խմբ.) զինուժի թվաքանակը 15 հազարի հասցնելու հարցը: Մինչ այդ, սակայն, միայն ԱՄն զինուժի թվաքանակը արդեն իսկ գերազանցում է այդ ցուցանիշը:

Ավելացնենք, որ, համաձայն ՆԱՏՕ-ի 2016 թ. զեկույցի, Աֆղանստանում կար ԱՄՆ ԶՈւ 6941 զինծառայող: Ստացվում է, որ կամ Նահանգները մեկ տարում իր զինուժի թվաքանակն այդ երկրում առնվազն կրկնապատկել է, կամ ՆԱՏՕ-ի տվյալները ստույգ չեն ներկայացվել:

Հիշեցնենք, որ 2017 թ. հուլիսին ԱՄՆ նախագահը Պենտագոնի ղեկավարին լիազորել էր նաև ինքնուրույն փոփոխել Աֆղանստանում ամերիկյան զորախմբի քանակը:

Հավելենք, որ, համաձայն Պենտագոնի վերը նշված զեկույցի, Նահանգները Թուրքիայում պահում է 2273 հոգանոց անձնակազմ, որից միայն 99-ն են քաղաքացիական: Զորքի առնվազն կեսը ռազմաօդային ուժերի անձնակազմն է: Դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն Թուրքիայի զինուժի հետ միասին օգտագործում է «Ինջիրլիք» ավիաբազան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *