ՌԴ ԶՈւ ռմբակոծիչները հարվածել են «Իսլամական պետության» դիրքերին Դեր Զորում

Նոյեմբերի 26-ին Ռուսաստանի ԶՈւ 6 միավոր Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայի Դեր Զոր նահանգում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռմբակոծիչները օդ են բարձրացել Ռուսաստանի տարածքից: Դրանց ուղեկցել են Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում տեղակայված Սու-30ՍՄ և Սու-35Ս կործանիչները:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ հարվածները հասցվել են Եփրատի հովտում տեղակայված ԻՊ դիրքերին և օբյեկտներին, «բոլոր նախանշված թիրախները ոչնչացվել են»:

ՌԴ ԶՈւ ռմբակոծիչները իսլամիստ զինյալների դիրքերին հարվածել են նաև նոյեմբերի 23-ին: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 31-ին, Միջերկրական ծովից ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավից «Կալիբր» թևավոր հրթիռներ էին արձակվել Աբու Քեմալում ԻՊ դիրքերին:

Ներկայում Սիրիայի կառավարական բանակը շարունակում է ռազմական գործողությունները ԻՊ դեմ Դեր Զորում՝ մասնավորապես Եփրատ գետի հատվածում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Սիրիայի կառավարական բանակը  վերահսկողություն է հաստատել Աբու Քամալ քաղաքում, որը համարվում է  «Իսլամական պետության» վերջին խոշոր հենակետը Սիրիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *