Իրանն ու Ռուսաստանը հստակեցրել են Սիրիայի Իդլիբ նահանգում դիտորդների տեղակայման վայրերը

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համակարգման կենտրոնի ռուսաստանյան և իրանական խմբերը հստակեցրել են Սիրիայի Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտու» այն շրջանները, որտեղ իրենք դիտորդական հենակետեր են տեղակայելու: Այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող ուժերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Թուրքական ստորաբաժանում Սիրիայի հետ սահմանին. 07 հոկտեմբերի 2017 թ.

Թուրքական ստորաբաժանում Սիրիայի հետ սահմանին. 07 հոկտեմբերի 2017 թ.

Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ռազմախմբի հրամանատարության մասնակցությամբ անցկացվել է ռուս-իրանա-թուրքական համակարգման կենտրոնի ռուսաստանյան և իրանական խմբերի հանդիպում, որի ընթացքում հստակցվել են շրջանները, որտեղ տեղակայվելու են դիտորդական հենակետեր Իդլիբի «ապաէսկալացման գոտում» հրադադարի պահպանմանը հետևելու համար», – հայտարարել է Կուրալենկոն:

Նա նաև նշել է, որ շարունակվում են Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները:

Նշենք, որ հոկտեմբերի 8-ից սկսած Իդլիբում Թուրքիան արդեն իսկ տեղակայել է զորքեր և ստեղծել է մի քանի քանի դիտորդական կետեր:

Սոչիում նոյեմբերի 22-ին հանդիպել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները: Կողմերը հիմնականում քննարկել են Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծման համար իրականցվելիք քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը և այլ հարցեր:

Մինչ այդ՝ նոյեմբերի 19-ին, Անթալիայում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպման ընթացքում նաև քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում և դրա սահմաններից դուրս դիտորդների տեղակայման հարցը: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական զորքերը գործելու են Իդլիբի ներսում, իսկ Իրանի և Ռուսաստանի դիտորդները դրա սահմաններին:

Նշենք, որ սիրիական ճգնաժամի կարգավորման 2 հիմնական ձևաչափերն են համարվում Աստանայի և Ժնևի բանակցությունները: Աստանայում կողմերի համաձայնության շրջանակներում Սիրիայի տարածքում ստեղծվել է 4 «ապաէսկալացման գոտի»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *