Իրանը հութիներին խորհրդատվական օգնություն է ցուցաբերում. ԻՀՊԿ հրամանատար

Եմենի հութիների խնդրանքով Իրանը խորհրդատվական օգնություն է ցուցաբերում նրանց։ Այս մասին նոյեմբերի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին։ Նոյեմբերի 24-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

«Եմենում այսօր իշխանությունը «Անսարալլահի» [հութիների խմբավորման՝խմբ.] ձեռքում է  և Իրանի օգնությունը խորհրդատվության սահմաններում է»-ասել է Ջաֆարին։

Հութի զինյալներ՝ Սանայում

Հութի զինյալներ՝ Սանայում

Նկատենք, որ Իրանը մշտապես մեղադրվում է Եմենում ապստամբած շիադավան հութի ցեղին աջակցելու ու զինելու մեջ, սակայն պաշտոնական Թեհրանը միշտ  հերքել է այդ մեղադրանքները։ Ջաֆարիի այս հայտարարությունը, ըստ էության, առաջին դեպքն է, երբ Իրանը «խոստովանում է», որ աջակցում է հութիներին։

Հավելենք, որ Իրանը նմանապես հերքում էր, որ Սիրիային և Իրաքին սպառազինություն է մատակարարում, և հայտարարում, որ  այդ երկրներում իրենց ներգրավվածությունը զուտ խորհրդատվական է։

Այնուամենայնիվ, չնայած Իրանի հերքումներին և պաշտոնական տվյալների սակավությանը՝ լրատվամիջոցներում մշտապես հայտնվել են լուսանկարներ, որտեղ երևացել են, թե ինչպես են  իրաքցի և սիրիացի զինծառայողները օգտագործում  իրանական արտադրության տարբեր զինատեսակներ՝ անօդաչու թռչող սարքեր, դիպուկահար հրացաններ, զրահամեքենաներ և այլն։

Առաջին անգամ միայն 2016-ի հուլիսին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում զենք են մատակարարել Իրաքին ու «հոգացել են Սիրիայի կարիքները»։

Հութիների պարագայում նույնպես լրատվամիջոցներում մշտապես տարբեր տեղեկություններ են հայտնվում Իրանի զենքի մատակարարումների մասին։ (1, 2)

Եմենում ներկայացված «Ղասեֆ-1» մահապարտ անօդաչու թռչող սարքը ( իրանական Ababil-2 անօդաչուի անվանափոխված տարբերակը)

Եմենում ներկայացված «Ղասեֆ-1» մահապարտ անօդաչու թռչող սարքը ( իրանական Ababil-2 անօդաչուի անվանափոխված տարբերակը)

Եմենում պատերազմ սկսվել է 2014 թվականից. հակամարտող կողմերն են` մի կողմից շիա հութիները, որոնց սատարում է Իրանը, մյուս  կողմից երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը:

2015 թ. փետրվարին հութիներին հաջողվում է նախագահ Հադիին հեռացնել իշխանությունից: Վերջինս սկզբում ապաստանել է երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, իսկ օրեր անց, երբ հութիներին հաջողվել է գրավել նաև այդ քաղաքը, Հադին լքել է երկիրն ու հաստատվել հարևան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։

Այնուհետև Եմենի կառավարությունը օգնության խնդրանքով դիմում է արաբական երկրներին, ինչից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ  Պարսից ծոցի արաբական 9 երկրներ ստեղծում են դաշինք ընդդեմ հութիների (կազմում էին  Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի)  և ռազմական գործողություններ են սկսում  Եմենում (2016-ին ԱՄԷ-ն դուրս է բերում իր զորքերը Եմենից, իսկ 2017-ին  Կատարին հեռացնում են դաշինքից)։

Հետագայում կռիվը տեղափոխվում  է նաև Սաուդյան Արաբիայի և Եմենի ցամաքային սահման, որտեղ, ինչպես և առհասարակ Եմենի մյուս տարածքներում, կողմերը փոփոխական հաջողություններով կռվում են մինչ օրս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *