Նոյեմբերի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Պակիստանի զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Զյուբայիր Մահմուդ Հայաթին: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հանդիպումից մանրամասներ գրեթե չեն հրապարակվել: Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված արձանագրային հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտում համագործակցության զարգացումը, մասնավորապես՝ ռազմաօդային և ռազմածովային ուժերի միջև համագործակցությանը վերաբերող խնդիրներ:
Կողմերը նաև անդրադարձել են Արցախյան հակամարտությանը: Նման հանդիպումներում ադրբեջանական կողմը մշտապես այս թեմային ադրադարձ կատարում է:
Կողմերը արդեն իսկ պատրաստվում են գործնական քայլերով ամրապնդել համագործակցությունը մասնավորապես հենց ռազմաօդային ուժերի ոլորտում: դրա մասին է վկայում հուլիսին տարածված տեղեկությունը, որ Պակիստանն Ադրբեջանին 10 միավոր MFI-395 Super Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռ կվաճառի:
Հավելենք, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջան էր այցելել Պակիստանի ՌՕՈւ հրամանատարը:
Ինչ վերաբերում է Պակիստանի ԶՈւ ԳՇ պետի այցին, ապա դրա մասին հայտնի էր դեռևս հոկտեմբերին, իսկ երեկ՝ նոյեմբերի 22-ին, Ադրբեջանի ՊՆ-ն զգուշացրել էր այցի մասին: