Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ «Ֆըրթընա» հաուբիցների արտահանումն արգելափակել է Գերմանիան

Գերմանիան արգելել է, որ Թուրքիան գերմանական MTU ընկերության արտադրության շարժիչով աշխատող T-155 Fırtına («Ֆըրթընա») ինքնագնաց հրետանային համակարգեր վաճառի 3-րդ պետությունների: Այս մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ:

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

Նա նշել է, որ Գերմանիայի արգելքի պատճառով Թուրքիան չի կարողացել Fırtına հաուբիցներ մատակարարել Սաուդյան Արաբիային, Կատարին և ևս մեկ երկրի: Ըստ Թուրքիայի ՊՆ ղեկավարի՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան այդ համակագերի վաճառքի վերաբերյալ շուրջ 1 միլիարդ դոլարի պայմանագիր են կնքել, սակայն արգելքի պատճառով մատակարարումը չի իրականացվել:

Ջանիքլին նաև ընդգծել է, որ նման դեպքերի պատճառով Թուրքիան արդեն տեխնոլոգիաների գնելու և օգտագործելու փոխարեն նախընտրում է տեղում տեխնոլոգիաները արտադրելը:

Հիշեցնենք, որ թուրքական «Հաբեր 7» կայքը հայտնել է, որ Թուրքիայում սկսել են արդիականացնել Fırtına հաուբիցները:

Այս ինքնագնաց հրետանային համակարգը հարավկորեական արտադրության K9 Thunder ԻՀՀ-ի՝ Թուրքիայում արտոնագրով հավաքվող տարբերակն է:

Չնայած Ջանիքլին չի նշում, թե Կատարից ու Սաուդյան Արաբիայից բացի, որ երկրի հետ է պայմանագիր կնքվել հաուբիցների վաճառքի վերաբերյալ, սակայն չի բացառվում, որ այդ երկիրը Ադրբեջանն է: Հիշեցնենք, որ դեռևս 2011-ի մարտին ադրբեջանական կայքերում տեղեկություն հայտնվեց, որ Ադրբեջանը հետաքրքրված է այդ համակարգերով։ Սակայն ավելի ուշ թուրքական կողմը հայտարարեց, որ գերմանական ընկերությունը չի թույլատրում համակարգերը վաճառել իր շարժիչներով։

2013-ին ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնեց, որ 2011-ին ստորագրվել է Ադրբեջանին 200 մլն դոլար արժողությամբ 36 միավոր նշված հաուբիցներից մատակարարելու պայմանագիր։ Նույն հոդվածում նշվում էր, որ Թուրքիան համակարգերը կվաճառի այլ շարժիչներով։ Սակայն համակարգերի վրա այլ շարժիչների տեղադրման մասին որևէ տեղեկություն հետագայում չհայտնվեց։

Ասյպիսով առայժմ Ադրբեջանին նման համակարգեր վաճառելու հնարավորության մասին անգամ որևէ հստակ տեղեկություն չկա: Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով նաև այս գործարքի անհնարինությունը՝ Ադրբեջանը նախ Ռուսաստանից գնեց «Մստա-Ս» ԻՀՀ-ներ, այնուհետև արդեն չեխական «Դանա» ինքնագնաց հաուբիցներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *