Նոյեմբերի 23-ին վրաց-ֆրանսիական համագործակցության շրջանակներում Բաթումիի նավահանգիստ է այցելել Ֆրանսիայի ՌԾՈւ «Գեպրատ» (F714 Gueprat) հրթիռային ֆրեգատը: Այցի շրջանակներում ռազմանավը Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության առափնյա պահակախմբի կատերների հետ վարժանքներ է արել: Այս մասին հայտնում է Netgazeti լրատվակայքը:
Այսօր անցկացվելու են ջրասուզակների վարժանքներ, ինչպես նաև մշակվելու են համատեղ որոնողափրկարարական և ռազմանավում բռնկված հրդեհի մարման գործողություններ: «Գեպրատը» նավահանգիտսը լքելու է նոյեմբերի 25-ին:
Հիշեցնենք, որ վրաց-ֆրանսիական ռազմական համագործակցության շրջանակներում Վրաստանին կմատակարարվեն ֆրանսիական արտադրության ՀՕՊ համակարգեր: Որպես մատակարարումների մոտավոր ժամկետ նշվում է 2018 թվականը: Խոսքը SAMP/T ՀՕՊ համակարգերի մասին է: Այս համալիրի կազմի մեջ մտնում է «Աստեր-30» զենիթային կառավարվող հրթիռները, որոնք թույլ են տալիս ինքնաթիռներ և ուղղաթիռներ խոցել մինչև 25 կմ բաձրության և մինչև 100 կմ հեռավորության վրա, ինչպես նաև 35 կմ շառավիղով «որսալ» անալոգային «Տոչկա-Ու» հրթիռներ:
Ֆրանսիան և Վրաստանը համագործակցում են նաև զինանձնակազմի պատրաստության ոլորտում: Ֆրանսիայի օգնությամբ կառուցվել է Սախչերեյի լեռնային պատրաստության դպրոցը, դպրոցի հրահանգիչները ուսուցանվել են Ֆրանսիայում: