Աֆղանստանում վիրավորվել է Վրաստանի ԶՈւ 3 զինծառայող

Նոյեմբերի 22-ի երեկոյան Աֆղանստանի Բաղրամ ավիաբազայի տարածքում հերթապահություն իրականացնելու ժամանակ վիրավորվել է Վրաստանի ԶՈւ 3 զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք տեղափոխվել են ավիաբազայի զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Աֆղանստան մեկնելուց առաջ

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Աֆղանստան մեկնելուց առաջ

Վիրավորվել են մայոր Պապունա Խորավան, կապրալներ Օմար Բերիձեն և Նուգզար Օսանձեն: Երեքն էլ ծառայում են Վրաստանի ԶՈւ 3-րդ հետևակային բրիգադի 31-րդ գումարտակում:

31-րդ գումարտակը գտնվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության շրջանակներում: Գումարտակի առաջադրանքն է Բագրամ ավաբազայի ներքին և արտաքին տարածքի պաշտպանությունը: Ներկայում Աֆղանստանում գտնվում է 900 վրաստանցի զինծառայող:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, վիրավորվել է ևս մեկ վրաստանցի զինծառայող:  Բագրամ ավիաբազայի վրա մահապարտ ահաբեկիչը հարձակում էր գործել նաև սեպտեմբերի 6-ին: Հարձակման հետևանքով վիրավորվել էին Վրաստանի ԶՈւ 3 զինծառայողներ:

Աֆղանստանում վրացական զորախումբը կորուստներ կրել էր նաև օգոստոսին: ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության զինծառայողների շարասյան վրա հարձակման հետևանքով մահացել էր Վրաստանի ԶՈւ մեկ զինծառայող, ևս 3-ը՝ վիրավորվել էին:

Վրաստանը ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» միջազգային խաղաղապահական առաքելությանը մասնակցում է 2015-ի հունվարից և ԱՄՆ-ից հետո իր զորախմբի քանակով երկրորդն է: Մինչև այժմ Աֆղանստանում Վրաստանի զինուժը ունեցել է 30 զինծառայողի կորուստ:

«Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում են նաև ՀՀ ԶՈւ զինծառայողներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *