Այս պահին Թուրքիայի կառավարության օրակարգում չկա «վճար ծառայության դիմաց» ծրագիրը. Թուրքիայի ՊՆ

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը այս պահին չի քննարկում «վճար ծառայության դիմաց» ծրագիրը: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ջանիքլին այս որոշումը բացատրում է Թուրքիայում առկա իրավիճակով և «ահաբեկչական խմբավորումների» դեմ պայքարի անհրաժեշտությամբ:

«Այս պահին կառավարության օրակարգում չկա «վճար ծառայության դիմաց» ծրագիրը: Հետևաբար մենք այստեղից կոչ ենք անում. այն մարդիկ, ում ժամանակը եկել է, թող իրենց պարտականությունները իրականացնեն: Հատկապես ներկայում գործող իրավիճակի պայմաններում այս պայքարին [«ահաբեկչության դեմ պայքար» – խմբ.՝ Razm.info-ի] վնաս հասցնող որևէ մի ծրագիր խնդրո առարկա չի կարող լինի, ճիշտ էլ չի, որ լինի: Որովհետև նման իրավիճակներում ծառայություն իրականացնող մեր եղբայրների տեսանկյունից մի շարք լուրջ հարցեր են օրակարգում հայտնվում: Դրա և այլ պատճառներով այս պահին «վճար ծառայության դիմաց» ծրագիրը քննարկման ենթակա չէ», – հայտարարել է Նուրեթթին Ջանիքլին:

Այս տարվա հունիսին Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Ֆիքրի Ըշըքը նույնպես հայտարարել է, որ «ահաբեկչական խմբավորումների» դեմ պայքարի պատճառով այս պահին նպատակահարմար չէ իրագործել «վճար ծառայության դիմաց» ծրագիրը:

Այս ծրագրի միջոցով Թուրքիայի 18 տարին լրացած և ժամկետային զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, ովքեր առնվազն 3 տարի աշխատել են արտասահմանում, կարող են ազատվել զինվորական  ծառայությունից գումար վճարելու միջոցով:

«Վճար ծառայության դիմաց» ծրագրի հիմքերը դեռևս ընկած են Օսմանյան կայսրության բանակի հիմքում: Թուրքիայի հանրապետության հռչակումից հետո էլ այս ծրագիրը մի քանի անգամ իրականացվել է՝ 1987, 1992, 1999 և 2002, 2011 և 2014 թվականներին: Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Իսմեթ Յըլմազը (2015-ի նոյեմբեր – 2016-ի մայիս) 2015-ի փետրվարի 13-ին հայտարարել էր, որ 2014-ին «վճար ծառայության դիմաց» օրենքից օգտվել է Թուրքիայի մոտ 200 հազար քաղաքացի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *