Սիրիայի Աբու Քամալ քաղաքի ազատագրումից հետո կառավարական բանակը շարունակում է ռազմական գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Դեր Զոր նահանգում՝ մասնավորապես Եփրատի գետի շրջանում: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Սիրիայի կառավարական բանակին աջակցում է ՌԴ օդուժը: Ըստ աղբյուրի՝ ներկայում առավել ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում Եփրատ գետի արևմտյան ափի երկայնքով:
Ռուսաստանյան կողմի տվյալներով՝ կառավարական բանակը` գեներալ Հասան Սուհեիլի գլխավորությամբ, նոյեմբերի 22-ին «Իսլամական պետությունից» ազատագրել են Ալ-Կրայա բնակավայրը և շարունակում են գրոհը ԻՊ դեմ երկրի արևելքում:
Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 8-ին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սիրիայի կառավարական բանակը ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Աբու Քամալ քաղաքում, որը համարվում է «Իսլամական պետության» վերջին խոշոր հենակետը Սիրիայում:
Նշենք, որ ՌԴ օդուժը պարբերաբար հարվածներ է հասցնում ԻՊ զինյալների դիրքերին Դեր Զոր նահանգում:
ԻՊ-ն կորցրել իր վերահսկած տարածքների մեծ մասը նաև Իրաքում: Վերջին մի քանի ամիսներին Իրաքի բանակը ազատագրել է Մոսուլ, Թալ- Աֆար քաղաքները և մի շարք այլ կարևոր բնակավայրեր: