Սոչիում Պուտինը, Էրդողանը և Ռոհանին քննարկել են սիրիական ճգնաժամը

Նոյեմբերի 22-ին Սոչիում հանդիպել են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին: Կողմերը հիմնականում քննարկել են Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծման համար իրականցվելիք քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը և այլ հարցեր: Այս մասին հայտնում է ՌԴ և Թուրքիայի նախագահների պաշտոնական կայքերը (1, 2)

Սոչիում Պուտինը, Էրդողանը և Ռոհանին քննարկել են սիրիական ճգնաժամը. նոյեմբեր 2017թ.

Սոչիում Պուտինը, Էրդողանը և Ռոհանին քննարկել են սիրիական ճգնաժամը. նոյեմբեր 2017թ.

Հանդիպմանը մասնակցել են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:  Ռուսաստանյան կողմից մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, թուրքական կողմից՝ ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը, արտգործնախարար  Մևլյութ Չավուշօղլուն, իրանական կողմից՝ ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին և արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սիրիական հարցով անցկացված բանակցությունները, որոնց արդյունքում Սիրիայի տարածքում ստեղծվել է «ապաէսկալացման 4 գոտի»:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Աստանայի հանդիպումները նպաստել են Սիրիայում իրավիճակի կարգավորմանը, սակայն դրանք դեռևս բավարար չեն: Նա նաև հույս է հայտնել, որ Սոչիի հանդիպմանը կարևոր որոշումներ կկայացվեն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել է Սիրիայում երկարաժամկետ կարգավորմանը անհրաժեշտությունը:

«Կարծում եմ, որ մեր ջանքերը պետք  է կենտրոնանան Սիրիայում երկարաժամկետ կարգավորման վրա, առաջին հերթին նկատի ունեմ ժնևյան հանդիպումների շրջանակներում այս բանակցությունները ավարտին հասցնելը և քաղաքական կարգավորումը….: Այսօրվա հանդիպումը հենց ուղղված է այդ ռազմավարական խնդրի լուծմանը», – հայտարարել է Պուտինը:

Մինչ եռակողմ հանդիպումը, կողմերը նաև երկկողմ հանդիպումներ են ունեցել:

Հիշեցնենք, որ նախագահների հանդիպումից առաջ հանդիպել են նաև Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը: Կողմերը համաձայնության են եկել Սիրիայի Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտում» աշխատանքների համակարգման մակարդակի բարձրացման վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվել են Սիրիայի ներկա վիճակին, «ապաէսկալացման գոտիներում» անվտանգության պահպանմանը, ինչպես նաև սիրիական ճգնաժամի խաղաղ քաղաքական լուծմանը վերաբերող հարցեր:

Բացի այդ, մինչև Թուրքիա-Իրան-Ռուսաստան նախագահների եռակողմ հանդիպումը Վլադիմիր Պուտինը հանդիպել է նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Կողմերը քննարկել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ավարտից հետո Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորմանը վերաբերող հարցեր:

Նշենք, որ սիրիական ճգնաժամի կարգավորման 2 հիմնական ձևաչափերն են համարվում Աստանայի և Ժնևի բանակցությունները: Աստանայում կողմերի համաձայնության շրջանակներում Սիրիայի տարածքում ստեղծվել է 4 «ապաէսկալացման գոտի»: Այս բանակցությունների և այդ գոտիների երաշխավոր երկրներն են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը: Կողմերը պատրաստվում են դիտորդներ տեղակայել այդ գոտիներում: Դրանցից մեկում՝ Իդլիբում, արդեն իսկ տեղակայվել են թուրքական զորքեր:

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *